Գլխավոր Արտակարգ 15-ամյա տղային կալանավորելու միջնորդությունը հետ է վերցվել. ծեծկռտուքի գործով անչափահասներ են մեղադրվում

15-ամյա տղային կալանավորելու միջնորդությունը հետ է վերցվել. ծեծկռտուքի գործով անչափահասներ են մեղադրվում

0

Մի խումբ երիտասարդների մասնակցությամբ փետրվարի 23-ին տեղի ունեցած ծեծկռտուքի համար երկու աչափահասներ հայտնվել են մեղադրյալի աթոռին: Նրանցից մեկին՝ 15-ամյա տղային, երեկ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը նրա պաշտպանի ահազանգից ու ներկայացված բողոքից հետո հետ է վերցվել: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Անչափահաս տղային նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

ՀՀ քնչական կոմիտեից երեկ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ փետրվարի 23-ին` ժամը 13:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում վիճաբանող անձինք միմյանց մարմնի տարբեր մասերին ոտքերով և ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել, իսկ երիտասարդներից մեկն իր մոտ պահվող փայտյա մահակով, իսկ մյուսը՝ ձեռքին հարմարեցված առարկայով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել իրենց հետ վիճաբանող, 17-ամյա երիտասարդի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի, ճակատոսկրի, աջ ակնակապճի, աջ քունքոսկրի գծային կոտրվածքների, երկկողմանի էպիդուրալ հեմատոմաների ձևով ծանր մարմնական վնասվածքներ:

Նախաքննությամբ ձեռք են բերվել  բավարար ապացույցներ այն մասին, որ 17–ամյա երիտասարդին նշված վնասվածքները պատճառվել են վիճաբանությանը մասնակից 16 և 15 անչափահաս տղաների կողմից: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 15-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

15-ամյա տղայի պաշտպան Երեմ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին, Երևան քաղաքի դատախազին եւ Արաբկիրի դատախազին հրատապ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով հանձնարարել հետ վերցնել անչափահասի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել հսկողությանը հանձնելը։ Պաշտպանի բողոքը բավարարվել էր եւ կալանքի միջնորդությունը, որը պետք է քննվեր այսօր, հետ է վերցվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել