Ընթացիկ շաբաթը հայկական ֆուտբոլի համար խաղաղ չէր: Հավաքականների հանդիպումներից առաջ նոր սկանդալ հասունացավ Հայաստանի առաջնությունում, գլխավոր դերում նորից «Լոռի» ֆուտբոլային ակումբն էր: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:
Ինչ է կատարվում
«Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը որոշել է հանել թիմը առաջնությունից: Պատճառը, իր իսկ խոսքերով, ՀՖՖ արհամարական վերաբերմունքն է. «ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել Լոռի ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը`ՀՖՖ բողոքարկման կոմիտեшт, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։ Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. Լոռին կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ՝ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»,- նշված է Գրիգորյանի ուղերձում։
ՀՖՖ-ն արձագանքել է Գրիգորյանի գրառմանը, սակայն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոստանում է անդրադառնալ իրավիճակին Հայաստանի հավաքականի հանդիպումներից հետո: «Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ: Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը: «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն: Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո»,- նշել է Մելիքբեկյանը:
Որքանո՞վ են արդարացի «Լոռի» ՖԱ-ի պահանջները
«Լոռին» բողոքում է, որ թիմին Հայաստանի առաջնության առաջին տուրում տեխնիկական պարտություն է գրանցվել «Ուրարտուի» հետ խաղին չներկայանալու համար: Մյուս բողոքը ավելի թարմ է. ակումբը պահանջում է տեխնիկական պարտություն գրանցել «Ալաշկերտին», քանի որ վերջիններս 4 դադար են օգտագործել 5 փոխարինման համար՝ թույատրելի 3-ի փոխարեն:
Առաջին դեպքում, կարծես, առարկություններ լինել չեն կարող. «Լոռիի» կազմում կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ չեն եղել, և հանդիպումը հետաձգելու հիմքեր՝ նույնպես չկային: «Ուրարտուն» չի համաձայնել հետաձգել խաղը: Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա այն բավականին բարդ է. «Ալաշկերտը» պատրաստվում էր երկու փոխարինում անել երրորդ դադարի ընթացքում, սակայն մրցավարը թույլ տվեց միայն մեկը, րոպեներ անց, նկատելով իր սխալը, թույլ տվեց նաև մյուս փոխարինումը: Փաստացի, «Ալաշկերտ» ակումբի մեղավորությունն այստեղ չկա, կոպիտ սխալ է թույլ տվել մրցավարը, ինչի համար ՀՖՖ-ն պետք է պատժի նրան: Բայց ակումբին տեխնիկական պարտություն գրանցելու հիմքեր, ամեն դեպքում, կան: Խախտվել է կանոնակարգը. այստեղ հետաքրքիր է լսել բողոքարկման կոմիտեի պարզաբանումները հարցի շուրջ:
Մյուս կողմից, պետք է նշել, որ բողոքարկման կոմիտեի որոշումը դեռ չի հրապարակվել: Եթե «Լոռի» ՖԱ-ը խոսում է անարդարացիությունից, ապա, միգուցե, պետք է սպասել որոշման հրապարակմա՞նը: Հակառակ դեպքում ստացվում է՝ «ձուկը ջրում առևտուր անել»:
Նախորդ մրցաշրջանում «Ուրարտուին» «Լոռիի» հետ խաղին դաշտից հանելու որոշում էր կայացրել Ջևան Չելոյանցը՝ բողոքելով, որ իրենց խաղը սպասարկում է «անցանկալի» մրցավար: Բողոքը որոշակի ազդեցություն ունեցավ. ՀՖՖ-ն հետագայում թույլ տվեց ակումբներին ընտրել մեկական մրցավարի, որը չի սպասարկի իրենց հանդիպումները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: