86-ամյա Ռաչիկ Հարությունյանը ձմեռն անցկացրել է ցուրտ տնակում՝ հատակին փռված ներքնակին պառկած: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Նրա ոտքերն ու ձեռքերը ցրտահարվել են, ինչը դժվարացնում է նրա տեղաշարժը: Ազգականները նրանով չեն հետաքրքրվում, իսկ Մեծամորի համայնքապետարանը վերջերս է տեղեկացել, որ իր համայնքում նման կարգավիճակով մարդ է ապրում: Սակայն, իմանալուց հետո էլ միայնակ թոշակառուի կյանքում ոչինչ չի փոխվել. շարունակում է ապրել ցուրտ տնակում՝ աղբի մեջ:
Մեծամոր քաղաքի տնակային թաղամասի 16-րդ տնակի մուտքից արդեն կարելի է պատկերացնել ներսի անմխիթար վիճակը: Տնակ տանող փայտե աստիճանները կոտրված են, իսկ նախամուտքի փայտե հատակն՝ իրարից հեռացած:
Տնակի դռնից ներս ավելի գորշ պատկեր է: Շուրջբոլորն ավերակ է: Ամենուր աղբ է թափված: Դատարկ շշերն ու հագուստի կտորները ոտքերի տակ են ընկնում:
Սենյակներից մեկում շորերի կույտ կա: Առաջին հայացքից դժվար է կռահել, որ այնտեղ մարդ է պառկած: Ձայն տալուց հետո Ռաչիկ պապը մեծ դժվարությամբ գլուխը դուրս է հանում ծածկոցի տակից՝ փորձելով արձագանքել: Նա վատ է տեսնում, և միայն ձայնի ուղղությամբ է հայացքը թեքում:
Տնակում ցուրտ է: Սենյակը, որտեղ պառկած է Ռաչիկ պապը, չի ջեռուցվում: Նա դժվարությամբ է խոսում, իսկ երբ գլուխը ծածկոցի տակից դուրս է հանում, ցրտից ձայնը դողում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: