ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մարտի 12-ին տեղեկություններ են ստացել, որ Նոր Ամասիա գյուղի 46-ամյա մի բնակիչ անցած տարի Արցախից զենք-զինամթերք է բերել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, նույն օրը բաժնում քրեական գործ է հարուցվել, ապա Արմավիրի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկել են տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։
«Ննջասենյակի անկողնու միջից հայտնաբերվեցին 5,45 մմ տրամաչափի 59 փամփուշտ, 20 մմ տրամաչափի 6 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տարամաչափի 58 փամփուշտով, սվին-դանակ եւ այլն։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։