Կապիտան Ալբերտ Արմենի Խաչատրյանը ծնվել է 1994թ հունիսի 12-ին Ագարակ քաղաքում։ Կյանքը բանակին նվիրած երիտասարդ սպան օժտված էր իրական սպայի հատկանիշներով` հայրենասեր էր, պահանջկոտ, ճշտապահ, հոգեբանորեն պատրաստված ու խիզախ՝ միաժամանակ անսահման սիրով լցված իր զինվորների նկատմամբ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ Կարգապահ ու իր գործին նվիրված զինվորականը շատ արագ դարձավ վաշտի հրամանատար: Նա ղեկավարում էր 2-րդ գումարտակի 6-րդ հերոսական վաշտը, որի անմահացած հերոսներից են` Սերժը, Գոռը, Մխիթարը, Հայկը… Ծառայության ընթացքում աչքի է ընկել զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքով, նրանց համարում էր իրենը, թեեւ խստապահանջ էր, բայց ավագ եղբոր պես էր վերաբերվում իր ղեկավարած վաշտի զինվորներին։ Վաշտում յուրաքանչյուր զինվոր ծառայակից ընկերոջն իր եղբայրն էր համարում, քանի որ դա էր հրամանատար, կապիտան Խաչատրյանի պահանջը:
Օգոստոսի 30-ին Ալբերտը կապիտանի կոչում ստացավ: Դա երկար սպասված կոչում էր:
Սիրելիի` Մարիամի հետ, ծանոթացել է ռազմական ինստիտուտում ուսանելու տարիներին: Մի օր նրան հոդված է ներկայացրել, որտեղ գրված էր սպայի կնոջ պարտականությունները, ասելով, որ նա պիտի ամեն դժվարության պատրաստ լինի: Մարիամը սպայի կին լինելու դժվարությունը կրել է անտրտունջ եւ հպարտությամբ: «Վերջին հուշը մեր ամուսնական մատանու պատմությունն է: Պատերազմի ամենաթեժ պահին Հայկը (Ռիժիկ) ասել է. «Կամանդիր ջան, եթե հնարավոր ա, հանի մատանին, շատ ա փայլում, կխփեն: Ամուսինս կատակել է` ասելով, որ կինն ավելի շուտ կխփի, քան թուրքը: Անգամ վիրավոր ժամանակ ասել են, որ հանի, բայց չի հանել, ասել է, որ հիմա ունեցած միակ բանն է» , – պատմում է Մարիամը:
Ամուսիններն արձակուրդ էին մեկնել, երբ Ալբերտն իմացավ Արցախի արեւելյան սահմանի երկարությամբ ադրբեջանական ուժերի կուտակումների մասին եւ ուշ գիշերին անմիջապես մեկնեց ռազմաճակատ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի լուսաբացին պայթեց պատերազմը. հայրենանվեր կապիտանն առաջին վայրկյանից ներգրավվեց ռազմական գործողություններում:
Վիրավոր էր, բայց մարտը թեժ էր ու իր զինվորների կյանքի հանդեպ հոգածությունը մոռացնել էր տալիս արյունահոսող վերքերի ցավը։ Կռվի ամենաթեժ հատվածներից մեկում, 3 օր ոտքը վիրավոր կռվել է կապիտանն ու սեպտեմբերի 30-ին վիրավոր զինվորներին խրամատից դուրս բերելիս արկի պայթյունից ընկել մարտի դաշտում` դառնալով շատ մայրերի օրհնության հասցեատերն ու պարտավորեցնելով մեզ՝ սիրել այն հողը, որը ծածկված է իր արյունով եւ իր դեռատի կնոջ արցունքներով:
Հերոսը շատ նպատակներ ուներ թե’ անձնական կյանքում, եւ թե’ աշխատանքում:
Ալբերտ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության մեդալ» եւ «Մարտական խաչ» բարձրագույն շքանշանով: