
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ուջան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրեն դավաճանության մեջ մեղադրողների հայտարարություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմը դադարեցրել են այն ժամանակ, երբ շարունակելն այլեւս իմաստ չուներ:
«5 ամիս շատ-շատ մարդիկ եւ ամենատարբեր շրջանակներ ինձ կոնկրետ մեղադրում են դավաճանության մեջ: Շատ կարեւոր է մի հարց տալ. իսկ ինչո՞ւմ է արտահայտվել դավաճանությունը, ո՞րն է դավաճանությունը: Մեզ միեւնույն ժամանակ մեղադրում են հողերը եւ՛ հանձնելու, եւ՛ չհանձնելու մեջ: Մենք կանգնել ենք այնքան ժամանակ, որքան հնարավոր էր կանգնել:

Եվ մենք որոշում ենք կայացրել այն ժամանակ, երբ որոշումը պետք էր կայացնել: Հակառակը՝ կլիներ ավելի մեծ աղետ: Մեզ ասում են՝ էս դավաճանական իշխանությունը պետք է հեռանա: Հարց՝ իսկ ի՞նչ է լինելու այս պարտության մեջ այդ հեռացումից հետո: Այդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք՝ շատ ծանր, շատ դաժան, ի՞նչ եք անելու, ճղելու ե՞ք, գցելու ե՞ք: Ասում են, ոչ, որովհետեւ դա կլինի աղետ, հետեւաբար, դրա չստորագրելն էլ կլիներ աղետ, ավելի մեծ աղետ»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը առաջարկեց բանակցային գործընթացից սկսած պատերազմական բոլոր դրվագներով հանդերձ քննել պարտության պատճառները:
«Ես համաձայն եմ քննենք, քննարկենք բոլոր դրվագները` սկսած բանակցային գործընթացից, վերջացրած պատերազմի բոլոր դրվագներով»,- ասաց Փաշինյանը: