ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդի բնակիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվելու ու ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունը չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը ընթերցեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ, որը վերջինս արել էր 2018 թվականի ապրիլին Ազգային ժողովի ամբիոնից:
«Նա ասել էր հետեւյալը, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացում անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար: Նա ասել է, որ այլեւս այս պահից չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի լուծել Ղարաբաղի հարցը: Դա ասված է, տեսանյութերը կան, ցանկացածը կարող է ստուգել: Հետեւաբար, մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է ընդունեի՞նք Ադրբեջանի անիրատեսական եւ անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակե՞ինք Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթացը»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաեւ մեկնաբանեց Սերժ Սարգսյանի`«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունը:
«Մարդիկ ասում էին, այս ի՞նչ է ասում, ինչի՞ մասին է խոսում: Ինքը գիտեր չէ, որտեղ է բերել բանակցային գործընթացը, մյուսները չգիտեին` փակ էր այդ փաստաթղթերը: 2018 մայիսից ես դեռ մեկ շաբաթ էի եղել վարչապետ, իրենք ասում էին, որ եկել է հողերը հանձնի: Ինչո՞ւ, որովհետեւ գիտեին որտեղ են հասցրել բանակցային գործընթացը»-, եզրափակեց Փաշինյանը: