Աշխատանքային այցով «Սեւան» ազգային պարկում գտնվող Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին: Այնուհետ ստորաբաժանումների ղեկավարների եւ ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սեւան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին եւ իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Սեւան» ազգային պարկի արդեն նախկին տնօրեն Արա Խլոյանին՝ ամիսների համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել իր հետագա գործունության մեջ։
Նախարար Պետրոսյանը տնօրենի նոր պաշտոնակատարին է ներկայացրել ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները եւ հույս հայտնել, որ համագործակցության արդյունքում կկարողանան բազմապատկել ջանքերը՝ ազգային պարկում մեկնարկած բարեփոխումները շարունակելու արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից, եւ միասին արդյունավետորեն առաջ տանելու բոլոր մեկնարկած ծրագրերը ու մեկնարկելու նորերը։
Նախարարը նոր գործընկերոջն է ներկայացրել Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների ողջ համալիրը․
.Սիգի արդյունագործական որսի նոր փուլի մեկնարկ, որին պետք է նախորդի գործընթացների մի ամբողջ փուլ,
.«Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» եւ «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրեր, որոնց մի մասը ենթակա է խզման, մյուս մասը՝ վերակնքման, հաջորդները՝ դատական կարգով լուծվելու եւ այլն,
.Սեւանա լճի հանրային լողափերի բարեփոխման եւ ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ,
.5 ներդրումային ծրագիր ու պայմանագրային փաթեթներ, որոնք քննարկվելու են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից,
.Բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրվող հողերի տրամադրման կարգի փոփոխության գործընթացներ,
.Ուսումնասիրել օրենքները, Կառավարության որոշումները, իրավական ակտերը։ «Սեւան» ազգային պարկում գործունեությունը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակում,
.Գույքագրել ապամոնտաժման ենթակա իրավական կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները,
.Սեւանա լճի ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների մեկնարկ,
.Անտառկառավարմանն ու նոր անտառաշերտերի ստեղծմանն ուղղված աշխատանքներ․EU4Sevan-ի զուգահեռ ծրագրով այս պահին քննարկվում է 145 մլն եվրո արժեքով ծրագիր,
.Առափնյա, վերջրյա հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացում եւ տեխնիկական վերազինում,
.«Սեւան» ազգային պարկի գիտական, տնտեսական, կոմերցիոն բաղադրիչների խթանում։
Նախարար Պետրոսյանն ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է ս․թ․ մարտի 25-ից մեկնարկող արդյունագործական ձկնորսության երկրորդ փուլի մեկնարկին ուղղված նախապատրաստական աշխատանքները, լսել գործընկերների մտահոգությունները եւ հանձնարարել անել ամեն հնարավորը՝ բացառելու նախորդ տարվա թերացումները։
Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլեւ ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Քննարկվել են դրան ուղղված քայլերը եւ առաջիկա անելիքների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվել։
Հանդիպման ավարտին նախարարն ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել նոր տնօրենի շուրջ, ում առջեւ նոր ու ավելի խորքային բարեփոխումների իրականացման խնդիր է դրվել, եւ միասին ձեռնամուխ լինել մեր ազգային հարստության պահպանմանը։