Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակչի հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ հավելելով,որ կատարվում է նախաքննություն:
«Սույն թվականի մարտի 21-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ․Պ-ն նախորդ օրը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Վ․Պ-ի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի վարչական տարածք հանդիսացող «Համեղ գյունե» կոչվող տեղամասում, որը գյուղի՝ առաջնագծից ամենամեծ հեռավորության վրա գտնվող վայրերից է: Նկարագրված դեպքի կապակցությամբ 2021թվականի մարտի 21-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ըստ նախնական տվյալների` հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վ.Պ.-ն գտնվում էր հոգեճնշող վիճակում, ուշ-ուշ էր դուրս գալիս տնից, ծանր էր տանում եղբոր որդու զոհվելու փաստը՝ 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում: Հատկապես դյուրագրգիռ էր դարձել զոհված հարազատի վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը դիտելուց հետո: Հաշվի առնելով սույն դեպքի կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող տարբեր մեկնաբանությունները, հավաստիացնում ենք, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվելու եւ քննության են առնվելու դեպքի հնարավոր բոլոր վարկածները, որոնց արդյունքների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,-մանրամասնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հորդորելով նախքան քրեական գործի մինչդատական վարույթի ավարտը՝ չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ անձնական այնպիսի մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքներով եւ կարող են հանրության մոտ չհիմնավորված խուճապի եւ մտահոգության պատճառ հանդիսանալ։