ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել, որը հրապարակել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։
«44-օրյա հերոսական եւ անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի եւ Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման եւ ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել եւ շարունակելու է կատարել իր առջեւ դրված խնդիրները։ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ»,- նշված է ուղերձում։
Ըստ Դավթյանի՝ ՀՀ զինված ուժերը, ունենալով կառավարության ենթակայության եւ քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին հայտարարություն է տարածել։