Գլխավոր Հասարակություն Արեւիկ Պետրոսյանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով. ՍԴ-ն մերժեց միջնորդությունը

Արեւիկ Պետրոսյանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով. ՍԴ-ն մերժեց միջնորդությունը

0

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Նիստին մասնակցում են ՍԴ 8 դատավորներ, դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում նիստին, քանի որ նրա վերաբերյալ ավելի վաղ կայացվել է մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ ՍԴ-ն պետք է անցնի դռնփակ քննարկման, սակայն ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործը գրավորից բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը. «Սույն գործով բանավոր ընթացակարգով քննելը կնպաստի գործի հանգամանքների ավելի արդյունավետ բացահայտմանը, ինչպես նաեւ ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Առաջարկում եմ այս միջնորդությունն այս պահին դնել քննարկման եւ քվեարկության: Ուզում եմ ընդգծել՝ գործն ունի հասարակական մեծ հնչողություն»,- հավելեց Պետրոսյանը:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն էլ հայտնեց, որ միանում է միջնորդությանը եւ հավելեց, որ որքան էլ նշվի, թե սա սովորական գործ է, դրա շուրջ հասարակական, քաղաքական քննարկումները ՍԴ-ին պարտավորեցնում են մնալ իր բարձր դիրքում. «Որպեսզի որեւէ կասկած չթողնի հանրության մոտ, որ ՍԴ-ն այս ամբողջ ընթացքում անաչառ էր եւ իր համար զուտ իրավական փաստերն են: Հակառակ պարագայում կխորանա այն դիտարկումը, որ ՍԴ-ի շուրջ վերջին 2 տարում ընթացող պրոցեսները ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ՝ սկսած սահմանադրական փոփոխությունների, Սահմանադրական դատարանի դատավորների հետապնդումներից, Սահմանադրական կազմի փոփոխությունները կրել են բացառապես մեկ նպատակ՝ պայմանավորված այս գործով: Եվ ՍԴ պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չէ, եւ հնարավոր է դա միայն բանավոր ընթացակարգով:

Ոչ մեկի մոտ չպետք է հարց մնա, թե այս գործն ինչ է ներկայացնում»,- հայտարարեց Թովմասյանը:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ առաջարկեց ընդմիջում հայտարարել եւ միջնորդությունը քննարկել խորհրդակցության սենյակում: Սակայն Արեւիկ Պետրոսյանը եւ Հրայր Թովմասյանը դեմ արտահայտվեցին. «Խորհրդակցական սենյակ գնալու անհրաժեշտություն չկա: Չգիտեմ՝ ընդմիջման պատճառը որն է, չենք կարող հենց այնպես ընդմիջել, մենք ընդամենը 10 րոպե ենք սկսել, ինչի ենք ընդմիջում, անհասկանալի է ինձ համար, այս որոշումը խորհրդակցական սենյակում չի որոշվում: Եթե գործընկերները միջնորդության վերաբերյալ ունեն դիրքորոշումներ, պետք է հրապարակային արտահայտվել ու քվեարկենք, ո՞ւմից ենք ինչ թաքցնում»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Արեւիկ Պետրոսյանը հիշեցրեց ՍԴ աշխատակարգը՝ ընդգծելով, որ միջնորդության վերաբերյալ որոշում պետք է կայացվի քվեարկությամբ։

ՍԴ նախագահն էլ ընդգծեց, որ ընդմիջում գնալը հետապնդում էր մեկ նպատակ՝ ունենալ կարծիքների ամփոփման ավելի հարմար ու անկաշկանդ պայմաններ: ՍԴ դատավորների միջեւ տեղի ունեցավ փոքր բանավեճ՝ կապված Պետրոսյանի միջնորդությունը դռնփակ, թե նիստերի դահլիճում քննարկելու եւ քվեարկելու հարցում:

Այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում ՍԴ դատավորները որոշեցին Արեւիկ Պետրոսյանի միջնորդության քվեարկությունը անցկացնել նիստերի դահլիճում: Քվեարկության արդյունքներով 4 դեմ, 4 կողմ ձայներով Արեւիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով, մերժվեց: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է, եւ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու. «Նիստը համարում եմ փակված»,-  եզրափակեց Դիլանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաեւ Քոչարյանի փաստաբանները, որից, սակայն, նրանք ավելի ուշ հրաժարվեցին՝ պատճառաբանությամբ, որ չեն ուզում իրենց գործի պատճառով երկրում պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ առաջանան։

Նշենք նաեւ, որ թեեւ Առաջին ատյանի դատարանի՝ գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Վճռաբեկը դատարանն էլ օրեր առաջ նախադեպային որոշմամբարձանագրեց, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել Դավիթ Գրիգորյանի ՍԴ դիմումը, իսկ կասեցման մասով թողել էր անփոփոխ:

https://www.armtimes.com/hy/article/209558

Մեկնաբանել