Հայրենակիցնե՛ր, արդեն տեւական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների եւ քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական եւ քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանության դեմ։
Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Այս ընթացքում մեզ հաջողվել է ձեւավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեեւ դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:
Հասարկության եւ քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Միաժամանակ ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենեւին Շարժման նպատակը չէ:
Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.
- Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:
- Հանրային ճնշման պահպանման եւ Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:
- Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը:
Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:
Հայրենակիցնե՛ր,
Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են:
Պայքարելու ենք եւ հաղթենք»:
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ