Գլխավոր Մշակույթ Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան կստեղծվի

Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան կստեղծվի

0

Շիրակի մարզում երիտասարդների կրթության, զբաղվածության եւ առողջ ապրելակերպին ուղղված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով մարտի 23-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ծրագրերի պատասխանատու Նարինե Բեգլարյանը եւ Աննա Բարֆյանը հանդիպում են ունեցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։

Այս մասին տեղեկացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը»

Հանդիպման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են երկու կառույցների համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվող եւ առաջիկայում պլանավորված ծրագրերը։

Մասնավորապես խոսվել է արցախյան պատերազմի հետեւանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիներին «Մարդասիրական աջակցություն արցախցի ընտանիքներին» ծրագրի, «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ստեղծված «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի, «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարության երկամսյա դպրոցի, «Հայրերի դպրոց» հանդիպում-քննարկումների, «Երիտասարդների հոգեկան առողջությունը եւ COVID-19 համավարակի ազդեցությունը» խորագրով իրականացված համազգային հետազոտության մասին։

Մարզպետը, նշելով Շիրակի մարզում արտակարգ իրավիճակներով պայմանավորված առաջնային խնդիրները, կարեւորել է «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի ստեղծումը, երիտասարդ տղաների ու աղջիկների, երիտասարդ ընտանիքների շրջանում դրական ծնողավարության վերաբերյալ վերապատրաստումների եւ կրթական-տեղեկատվական արշավների կազմակերպումը։

Առաձնահատուկ կարեւորվել է նաեւ «Երիտասարդների հոգեկան առողջությունը եւ COVID-19 համավարակի ազդեցությունը» թեմայով համազգային հետազոտության իրականացումը, որը կարող է փաստարկված ուղեցույց դառնալ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետության տարածքում նպատակային ծրագրերի մշակման եւ իրականացման համար։

Հանդիպման ընթացքում նշվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունը կենտրոն» ՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառումների մասին։

Ներկայացվել է «Վճարովի աշխատանքային պրակտիկա» վեցամսյա ծրագրի հաջողությունների մասին, որի շնորհիվ Շիրակի մարզից 10 նորավարտ երիտասարդներ հնարավորություն են ստացել վճարովի պրակտիկայի միջոցով մասնագիտական եւ աշխատանքային փորձ ձեռք բերել ու հիմնական աշխատանքի անցնել տեղի գործատուների մոտ։

Կողմերի միջեւ նաեւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան ստեղծելու վերաբերյալ, որտեղ աշխատակիցների մեծ մասը լինելու են սահմանափակ հնարավորություններ ունեցող անձիք:

Մեկնաբանել