
Հանրապետության մարզերի 85 համայնքների դպրոցներում իրականացվում է ճանապարհային անվտանգության կրթության եւ հանրային իրազեկման արշավ։ Այն կյանքի է կոչվում ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ ՀՀ ՏԿԵՆ «#Ճանապարհայինդեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի ներքո։ Իրազեկման արշավն անցկացնում են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն (Հայաստան) եւ “FRED Engineering” միջազգային խորհրդատվական ընկերությունը (Իտալիա)։ Այս մասին տեղեկացրել է ՏԿԵ նախարարության Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհային անվտանգության կրթության եւ հանրային իրազեկման արշավի շրջանակներում մասնագետներն աշակերտներին մատչելի կերպով ներկայացնում են ճանապարհատրանսպորտային պատահարներ առաջացնող հիմնական պատճառները‚ տեղեկություններ են տրամադրում ճանապարհային նշանների‚ հետիոտնի եւ վարորդի վարքականոնների եւ այլնի մասին։

Աշակերտների համար ցուցադրվում են այս ծրագրի շրջանակներում պատրաստված տեղեկատվական հոլովակներ՝ ճանապարհն անցնելու եւ անվտանգ վարքի‚ ինչպես նաեւ անվտանգ հեծանիվ վարելու եւ տրանսպորտից օգտվելու մասին: Աշակերտների տարբեր տարիքային խմբերի համար մշակվել են տարիքին համապատասխան գործիքներ. բարձր դասարանների աշակերտները բջջային հեռախոսներով թեստ են անցնում, ցածր դասարանների աշակերտները ստանում եւ ամրապնդում են գիտելիքները խաղերի եւ ինտերակտիվ վարժությունների միջոցով։ Զուգահեռ տեղեկատվական հանդիպումներ են կայանում նաեւ մանկավարժների եւ ծնողների հետ՝ բացատրելու, թե որոնք են այս գիտելիքը տարբեր տարիքի երեխաներին մատուցելու արդյունավետ մոտեցումներն ու միջոցները։ Դասընթացի մասնակիցներին բաժանվում են նաեւ գրքույկներ՝ ճանապարհային անվտանգության կանոնների մասին։
Կոտայքի մարզի «Կարենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Գեւորգյանը նկատում է‚ որ նման ինտերակտիվ դասերն արդյունավետ են։ Թեեւ երեխաները որոշակիորեն տեղեկացված են ճանապարհային անվտանգության կանոնների մասին‚ սակայն նման պարապմունքների միջոցով է՜լ ավելի շատ ինֆորմացիա են ստանում‚ ավելի են ամրապնդվում գիտելիքները։ Տիկին Գեւորգյանը նշում է‚ որ վերանորոգումից հետո համայնքի ճանապարհը կահավորվել է ճանապարհային նշաններով‚ սակայն լինում են դեպքեր‚ որ գյուղի ներսում վարորդները‚ հետիոտներն ուշադրություն չեն դարձնում այդ նշաններին։ Ուստի նման դասընթացներն օգնում են‚ որպեսզի փոխվի մարդկանց մտածելակերպը‚ փոքր տարիքից ամրապնդվի ճանապարհային երթեւեկության կանոններին խստորեն հետեւելու մշակույթը։
Կարենիսի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Վարազդատ Ավետիսյանն ասում է‚ որ դասընթացից շատ բան է սովորել‚ մասնավորապես‚ ինքը չգիտեր‚ որ ուշ ժամերին‚ երբ դրսում մութ է‚ հետիոտնը պետք է աշխատի բաց գույնի հագուստ կրել‚ որպեսզի ճանապարհն անցնելիս վարորդների համար տեսանելի լինի‚ նաեւ ճանապարհն անցնելիս պետք է հանել ականջակալները‚ որպեսզի ուշադրությունը չշեղվի։
Ճանապարհային անվտանգության կրթության եւ հանրային իրազեկման արշավի շրջանակում դասընթացավարներն արդեն եղել են Արարատի եւ Կոտայքի մարզերի 23 համայնքներում‚ առաջիկայում այցելություններ կլինեն նաեւ այլ մարզեր։