Կանանց տոների առթիվ Ստեփանավան քաղաքի բնակիչ Սերգեյ Շահբազյանի ջանքերով օրերս կազմակերպվել էր քաղաքում իր տեսակի մեջ եզակի մի միջոցառում:
«Աշխարհը ձեզնով է գեղեցիկ» խորագիրը կրող ցերեկույթի հյուրերը Ստեփանավանի բուժաշխատողներն էին, մանկավարժներ, կին զինծառայողներ, բիզնես ոլորտի ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Ավելի քան 30 կանանց նվիրված միջոցառումը հնարավորինս գեղեցիկ ու հաճելի կազմակերպելու ու հիշարժան դարձնելու համար Սերգեյ Շահբազյանը հաշվի էր առել ամենափոքր դետալն անգամ. տեղի ճիշտ ընտրություն, ջութակի գեղեցիկ մեղեդիներ, մեկ գավաթ գինի ու ջերմ մթնոլորտ: Բայց որ ամենակարեւորն է՝ գնահատանքի բազմաթիվ խոսքեր, որոնց միջոցառմանը ներկա կանայք արժանացել էին իրենց տարիների վաստակով:
Ներկաներից շատերն էին փաստում՝ նման ուշադրության արժանանալն իրենց համար անակնկալ է եղել, բայց որ անակնկալները կշարունակվեին ողջ օրվա ընթացքում՝ պատկերացնել անգամ չէին կարող, հատկապես, երբ նման մակարդակի գնահատանքի ու ուշադրության արժանանում էին իրենց համաքաղաքացի, տարիքով երիտասարդ, բայց արդեն իսկ քաղաքի շենացման գործում իր ավանդը թողած Սերգեյ Շահբազյանի կողմից: