Գլխավոր Մարզեր Բնունիս, Քոբայրավանք, Գոշավանք, Սանահին. նախարարությունը վերանորոգումներ եւ փորձաքննություններ է ծրագրել հուշարձաններում

Բնունիս, Քոբայրավանք, Գոշավանք, Սանահին. նախարարությունը վերանորոգումներ եւ փորձաքննություններ է ծրագրել հուշարձաններում

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականին ավարտին կհասցվեն Սյունիքի մարզի Բնունիս համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք ընթանում են երեք տարի:

Այս մասին «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագետ Գայանե Նազլուխանյանը:

Նրա խոսքով՝ 2022 թվականին նախատեսում են վերականգնել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին, Քոբայրավանքի սեղանատունը, Սանահինի վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքները, Մարմաշենի վանական համալիրի կառույցների ցամաքուրդային համակարգը, Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու եւ գավթի տանիքածածկերը: Անհրաժեշտ է նորոգել նաեւ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, քանի որ այն հուշարձան-շենք է, եւ այնտեղ փլուզումներ են եղել:

«Վերոնշյալ հուշարձանները նորոգվելու են հաջորդ տարի, քանի որ դեռ չկա հուշարձանների փորձաքննության թարմացված եզրակացությունը: Օրենքով պահանջվում է երեք տարին մեկ փորձաքննությունը թարմացնել: Վերոնշյալ ցանկում ներկայացված ոչ մի հուշարձան չունի նոր փորձաքննություն, ուստի 2021-ին նշված հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության ձեռքբերման համար կհայտարարվի մրցույթ, իսկ արդեն 2022 թվականին դրանք կներառվեն պետական ծրագրում»,-շեշտեց նա:

Նազլուխանյանի խոսքով՝ նախարարությունը որոշել է շարունակել եւ ավարտին հասցնել դադարեցված շինարարությունները, որոնցից է Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց վանքը, որի վերականգնման աշխատանքներն սկսվել են 2014 թվականին, հետո ընդհատվել են: Ինչպես արդեն նշվեց, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հաջորդ տարի է նորոգվելու: Քոբայրավանքի վերականգնման գործընթացն սկսվել է 2010 թվականից: Հաջորդ տարի նախատեսում են ավարտել սեղանատունը:

Անդրադառնալով Շիրակի մարզի Հոռոմ համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն՝ Նազլուխանյանը տեղեկացրեց, որ 2020-ին դադարեցրել են հուշարձանի վերականգնման գործընթացը, որովհետեւ եկեղեցու սրահի սալահատակը նորոգելու համար քանդելու ընթացքում հայտնաբերվել են ավելի վաղ շրջանի եկեղեցու հիմքեր: «Անհրաժեշտ էր դադարեցնել վերանորոգումը, որպեսզի հայտնաբերված եկեղեցու ամրակայման եւ պահպանման  համար նոր նախագիծ պատվիրվի: Մինչեւ նախագիծը չլինի, այն հնարավոր չի լինի վերականգնել: Մենք լուրջ ենք մոտենում այդ խնդրին, չենք փակում հուշարձանը, ինչպես ժամանակին է արվել: Կամրակայենք վաղ շրջանի կառույցը եւ վրան սալահատակ չենք անի, այլ թափանցիկ հատակ, որ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու այցելուները տեսնեն՝ կա վաղ շրջանի հուշարձան, որի վրա կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին»,-ընդգծեց Գայանե Նազլուխանյանը:

Նա տեղեկացրեց, որ Բնունիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն այս տարի դեռ չեն մեկնարկել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Անժելա Համբարձումյան

 

Մեկնաբանել