Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Սարգիս Ավագյանին:
«Ցանկանում եմ կարեւորել բժիշկ Ավագյանի՝ առողջապահության կազմակերպչի եւ ղեկավարման կարողությունները: Վստահ եմ, որ պարոն Ավագյանը զարգացնելու է Թալին ԲԿ-ի արդեն իսկ գրանցած հաջողությունները, եւ ձեր թիմը բազմաթիվ նորանոր հաջողություններ է ունենալու: Ես անձամբ հետեւողական եմ լինելու եւ բոլորի կատարած աշխատանքով են որոշվելու հետագա անելիքները: Բոլորիս, եւ կասկած չունեմ, որ նաեւ Թալին ԲԿ-ի կոլեկտիվի աշխատանքը բացառապես ուղղված է հանուն Թալինի շրջանի, հանուն Արագածոտնի մարզի, մեր երկրի, մեր ժողովրդի բարեկեցությանը»,- ասաց մարզպետը։ Վերջինս շնորհավորեց, հաջողություն մաղթեց բժշկական կենտրոնի նոր տնօրեն Սարգիս Ավագյանին եւ Թալին ԲԿ-ի անձնակազմին իրենց վստահված չափազանց կարեւոր առաքելության մեջ:
Մարզպետ Դավիթ Գեւորգյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց տարբեր տարիների ընթացքում Թալինի բժշկական կենտրոնը ղեկավարած եւ այնտեղ աշխատած բուժաշխատողներին՝ իրենց աշխատած ժամանակահատվածում կատարած բոլոր դրական գործերի համար, եւ վստահություն հայտնեց, որ այսուհետ եւս, քարը քարին դնելով, Թալին ԲԿ-ն նոր հաջողություններ է գրանցելու:
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Ավագյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ բժշկական կենրոնի աշխատակազմի հետ միասին, պատվով կկատարեն իրենց առջեւ դրված բոլոր առաջադրանքները, կանեն ամեն հնարավորը բժշկական ծառայությունների եւ բնակիչներին ցուցաբերվող բուժօգնության որակն էլ ավելի բարձրացնելու համար եւ կատարած աշխատանքով կարդարացնեն վստահությունն ու հույսերը:
Մարզպետ Դավիթ Գեւորգյանը նշեց, որ բժիշկ Ավագյանը, լավ բժիշկ լինելու հետ մեկտեղ, բնութագրվում է որպես պարկեշտ եւ հայրենասեր անձնավորություն:
Դիմելով բժիշկ Ավագյանին՝ մարզպետն ընդգծեց, որ այս պահից նա ծառայության մեջ է եւ, հիվանդանոցի անձնակազմի հետ, Թալինի շրջանի ազգաբնակչության առողջության համար առաջին պատասխանատուն է:
«Ղեկավար լինելը ոչ մի պարագայում հաճույք եւ վայելք չէ, իրավունքներից առաջ այն պարտականություն եւ պարտավորվածություն է: Ես վստահ եմ, որ Դուք շատ արագ կմիանաք Թալին ԲԿ-ի թիմին եւ համատեղ ջանքերով կկատարեք ձեր առջեւ դրված խնդիրները»,- ասաց մարզպետը:
Հանդիպման ավարտին քննարկվեցին հիվանդանոցին վերաբերող ընթացիկ հարցեր:
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Սարգիս Ավագյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանը, ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Որպես բժիշկ-կամավորական մասնակցել է 2020 թվականին Արցախում ծավալված 44-օրյա պատերազմին, աչքի է ընկել հայրենիքի պաշտպանության գործին անմնացորդ նվիրումով եւ անբասիր ծառայությամբ: