
Մարտի 24-ին, ժամը 08։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, սուպդորալ հեմատոմա հարցականով, ուղեղային կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ծեծկռտուքի եւ կողոպուտի փաստով։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գեղամ Խալաթյանն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ տղան ծեծի է ենթարկվել Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «գաի պոստի»-ի հարեւանությամբ գտնվող «Գաի» մարկետում։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Գ. Խալաթյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, եւ մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Գ. Խալաթյանին ծեծի են ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 45-ամյա Ղեւոնդ Դավթյանը, 42-ամյա Վիգեն Շիրինյանը եւ ինքնությունը դեռեւս չպարզված 2 անձինք։
Արդեն ժամեր անց ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում «Գաի» սուպերմարկետ են մտել 2 անձինք, որոնցից մեկը վիճաբանել է Գ. Խալաթյանի հետ, որը աշխատում է որպես գանձապահ, որից հետո քաշքշուկ է ստեղծվել, ու այդ ժամանակ խանութ են մտել եւս 2-3 հոգի եւ շարունակվել է ծեծկռտուքը, որի ժամանակ, Գ. Խալաթյանը ուշագնաց է եղել՝ վայր ընկել, եւ վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ընկածի գլխին, որից հետո այդ անձինք կոտրել են խանութի որոշ գույք եւ հեռացել։
Ըստ Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների՝ ծեծկռտուքին մասնակցել են մարկետի տնօրեն Վարդգեսը, Էդվարդը, Գարիկը եւ Բենոն։ Ժամեր անց ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձինք են Նոր Հաճն քաղաքի բնակիչներ Վ. Շիրինյանը, Ղ. Դավթյանը, 42-ամյա Արտակ Օհանջանյանը եւ 40-ամյա Արման Միրզոյանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նույն օրը, կեսօրին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Վերին Պտղնի գյուղի բնակիչ՝ 37-ամյա Վարդգես Հովսեփյանը եւ հայտնել, որ «Գաի» մարկետի տնօրենն է եւ որ նույն օրը, ժամը 01։15-ի սահմաններում իրեն պատկանող մարկետում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրեն անծանոթ անձանցից մեկը իր պարանոցից քաշելով պոկել է իրեն պատկանող մոտ 68 գրամ կշռով ոսկյա շղթան եւ հեռացել։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով տնօրենի պարանցից հափշտակել է ոսկյա շղթան։