2021 թվականի մարտի 24-ին Ալագյազի համայնքապետարանում տեղի ունեցավ Արցախյան 2-րդ պատերազմում Ալագյազ համայնքի զոհված զինծառայողների ընտանիքների, վիրավոր զինծառայողների եւ պատերազմի մասնակիցների պարգեւատրման եւ շնորհակալագրերի հանձնման արարողություն:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով պարգեւատրվեց Թեմուր Արտուրիկի Կոտոյանը: Ալագյազ համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին զոհված զինծառայողներ Թեմուր Արտուրիկի Կոտոյանի եւ Դավիթ Գերակլի Այդոեւայի ծնողներին: Շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ Արցախյան պատերազմում վիրավորված եւ ակտիվ մասնակցություն ունեցած քաղաքացիներին: Կազմակերպված միջոցառմանը մեծապես օժանդակել էր Գերմանիայի ԶԵԴԱ եզդիական կազմակերպությունը, որի հովանավորությամբ դրամական օժանդակություն ստացան զոհված զինծառայողների ծնողները, ինպես նաեւ վիրավոր եւ պատերազմի մասնակից բոլոր քաղաքացիները:
Կարեւորելով նման միջոցառումների կազմակերպումը՝ տեղեկացնում ենք, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը շարունակական է լինելու, եւ բոլոր զինծառայողները եւ նրանց ընտանիքները մշտապես գտնվել եւ գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում:
Խոնարհվում ենք բոլոր զոհվածների հիշատակի ու նրանց ընտանիքների առջեւ:
Փառք ու պատիվ մեր բանակին:
Հավերժ փառք զինվորին ու հերոսածին մայրերին: