Երեկ՝ մարզի 25-ին, Հրազդանի բնակչի կողմից դաժան վերաբերմունքի ենթարկված շունը հիմա գտնվում է «Դինգո» թիմ հասարակական կազմակերպությունում։ Վիճակը փոքր-ինչ կայունացել է։ Կազմակերպության հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասաց․ «Շան վիճակը երեկ ահավոր ծանր էր, չէինք հասկանում, թե ինչ են արել նրա հետ։ Բոլոր հնարավոր տեղերից արյուն էր հոսում, բազմաթիվ կոտրվածքներ ուներ, գլուխը ետեւի մասից ամբողջության բացվել էր։
Բժիշկները հույս չէին տալիս, բայց այսօր արդեն հույս ունենք, որ կապրի։ Գիշերը լուսացրել է, նույնիսկ հաց է կերել»։
Ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ նշեց, որ Հրազդանի բնակիչը երեկ արդեն բերման է ենթարկվել Հրազդանի ոստիկանության բաժին եւ հարցաքննվել։ Հիմա դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ըստ ոստիկանության Հրազդան բաժնի տարածած հաղորդագրության՝ հարցաքննության ընթացքում տղամարդը պատճառաբանել է՝ շանը քարերով խփել եւ փորձել է սատկացնել իր եւ ընտանիքի անդամների վրա հարձակվելու պատճառով։
Մտածելով, որ շունը սատկել է, կապել է իր «Մերսեդես» մակնիշի մեքենային եւ քարշ տալով՝ տարել ու թողել է դաշտում։