Թատրոնի միջազգային տոնի առթիվ երեկ՝ մարտի 26-ին, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը պատվոգրեր հանձնեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Հարություն Մինասյանին, Սառա Ռուշանյանին, Լուսինե Սողոմոնյանին եւ Վյաչեսլավ Հայրապետյանին՝ թատերարվեստում նրանց ներդրած ավանդի համար:
Շնորհավորելով թատերարվեստի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մարզպետ Թեւոնյանը նրանց մաղթեց բեղմնավոր աշխատանք, ստեղծագործական նորանոր մտահղացումներ, անսպառ եռանդ եւ լեփ-լեցուն դահլիճներ:
Մարզպետարանում դերասանների հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին նաեւ մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Էլլա Սարգսյանն ու մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը:
Վերջիններս իրենց հերթին շնորհավորեցին հյուրերին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ ու ավելի մեծ բեմեր:
Հանդիպման ավարտին թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց առանձնահատուկ ուշադրության համար եւ վստահեցրեց, որ այսուհետ եւս թատրոնի առջեւ դրված ցանկացած խնդիր կկատարվի բարձր մակարդակով: