
Մարտի 26-ի կեսգիշերին հնչած անվտանգության ծառայության ազդանշանները Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի տնօրենին սարսափի են մատնել: Առանց ժամանակ կորցնելու հասել է թանգարան, անվտանգության աշխատակիցների հետ բացել են դուռն ու տեսել, որ թանգարանի երկրորդ հարկի առաստաղն է փլուզվել:
«Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում Շողիկ Մելքոնյանն ասում է՝ զուտ Աստծո բարեխնամություն է համարում, որ դեպքը ոչ թե ցերեկն աշխատանքային ժամին է պատահել, այլ ժամը 24:00-ին (դեպքի պահն ու ժամը տեսախցիկներն են ֆիքսել): Հակառակ պարագայում դժբախտ ելքից անհնար կլիներ խուսափելը, քանի որ թանգարանը կրկին սկսել է շնչել ու այցելուների ընդունել:

Որն է փլուզման հնարավոր պատճառը: Տնօրենը չի կարողանում թեկուզ նախնական, բայց ինչ որ ընդգծում անել: Ասում է՝ շենքի հիմքերը տարիներ շարունակ ջրի մեջ են եղել: Միայն 2017-ին, երբ փողոցաշինական աշխատանքն ավարտվեց, կառույցը սկսեց աստիճանաբար չորանալ: Ասում է, գուցե խոնավությունն է եղել պատճառը:
Թանգարանի հարեւանությամբ կերամիկայի արտադրամաս է գործում: Ճիշտ է, տարածքից աշխատանքային ձայներ լսվել են, սակայն ասել, որ նրանց գործունեությունը կարող էր առաստաղի փլուզման պատճառ դառնալ, տիկին Մելքոնյանը չի կարծում:
Հիմա անկախ պատճառներից, անհրաժեշտ է, որ առաստաղն արագ նորոգվի ու անվտանգ դառնա, որպեսզի թանգարանի բնականոն աշխատանքը չխաթարվի:
«Նախնական վնասի չափը չգիտեմ, բայց ահագին գործ կա անելու, ահագին գումար է ծախսվելու»,- ասաց Շողիկ Մելքոնյանը: