Գլխավոր ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գյումրու Աճեմյանի անվան թատրոնը պաշտոնական կայք ունի

Գյումրու Աճեմյանի անվան թատրոնը պաշտոնական կայք ունի

0

Գյումրու Վարդան Աճեմյանի  անվան պետական  դրամատիկական թատրոնը, Թատրոնի միջազգային օրը, նշանավորեց թատրոնի պաշտոնական կայքի գործարկմամբ: Այն ոչ միայն հնարավորություն կտա հանդիսատեսին ծանոթանալու թատրոնի ինֆորմացիոն ողջ բազային՝  տարեգրություն, դերասանական կազմ, ներկայացումներ, այլ նաեւ առցանց տոմսեր պատվիրել: Թատոնին ու թատերասերներին այս անգնահատելի նվերն անվարձահատույց մատուցել է Brain Fors թիմը:

Կայքի շնորհանդեսին, մասնագիտական  տոնի առթիվ, շնորհավորելով ոչ միայն աճեմյանցիներին, այլ նաեւ բոլոր թատերասերներին,  թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն  առողջություն ու խաղաղություն մաղթեց:   «Թատրոնի միջազգային օրը տոն  է շնորհավորելու  բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ եղել են ու կան թատրոնի կողքին ու  թատրոնի ամենամտերիմ բարեկամներն են: Մասնագիտական տոնն ինձ համար միշտ տոն  է եղել, բայց ամենալավ նվերը ստացանք այսօր՝ այս կայքով: Մենք սրա մասին  տարիներ ենք մտածել: 21-րդ դարում սա այն կարեւոր բանն էր, որ պետք է ունենար թատրոնը, բայց չուներ»,-շնորհավորելով բոլորին նշեց Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով նաեւ այն լրատվամիջոցներին, որոնք միշտ եղել  են թատրոնի կողքին:

Օրվա առիթով Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 9 աշխատակիցների Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի անունից պատվոգրեր հանձնվեցին` արդյունավետ աշխատանքային գործունեության եւ թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհավորեց բոլորին մասնագիտական տոնի առիթով` մաղթելով բեղմնավոր աշխատանքային եւ ստեղծագործական գործունեություն, միաժամանակ ներկաներին փոխանցեց նաեւ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը:

Տոնի առթիվ կայքի ստեղծման համար թատրոնի տնօրինության անունից շնորհակալագիր ստացան նաեւ Brain Fors թիմն ու Անի ֆոտոսերվիսը:

Արմենուհի Մխոյան

 

Մեկնաբանել