Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Ընթրիք հիմարի հետ»․ համալրվեց Վանաձորի թատրոնի խաղացանկը (Ֆոտո)

«Ընթրիք հիմարի հետ»․ համալրվեց Վանաձորի թատրոնի խաղացանկը (Ֆոտո)

0

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերների դատին է հանձնել ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը:

Բեմադրության եւ նկարչական ձեւավորման հեղինակը Սարգիս Մանուկյանն է: Երաժշտական ձեւավորումը՝ Արեն Օսիպյանի:

Բեմադրող ռեժիսորի խոսքով՝ կատակերգությունն ընտրել է որպես դեղահաբ, որպես անտիդեպրեսանտ ակնկալիքով, որ հանդիսատեսը մի փոքր թեթեւանալու ու լիցքաթափվելու հնարավորություն կունենա:

Ֆրանսիացի դրամատուրգի ստեղծագործությունն անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների եւ հասարակական ընկալումների մասին է, որտեղ հետաքրքիր լուծումներով արտացոլված են նաեւ այսօրվան բնորոշ բարքերն ու ընկալումները: Յուրաքանչյուր չորեքշաբթի մեծահարուստ երիտասարդների մի խումբ կազմակերպում է հանդիպում «‎հիմարի» հետ: Ում «հիմարը» համոզիչ է, նա ստանում է մրցանակ: Երբ հերթը հասնում է Բրոշանին, նա շատ է ուրախանում, քանի որ վերջերս էր ծանոթացել մի «հիանալի» հիմարի հետ: Նա համոզված է, որ մրցանակն իր գրպանում է լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ են զարգանում…

Ֆրանսուա Պինյոնին (հիմարին) մարմնավորում է թատրոնի երիտասարդ դերասան Հակոբ Դեմիրճյանը, հրատարակիչ Պիեռ Բրոշանի կերպարը կերտել է Ժիրայր Գաբրիելյանը: Համլետ Գյուլզադյանը Արշամբոյի դերում է, Վահրամ Խառատյանը՝ Լուսիեն Շովալի, Արման Սաքանյանը՝ Ժուստ Լյոբլանի, Մարիամ Ղեւոնդյանը՝ Կրիստինա Բրոշանի, Տաթեւ Պետրոսյանը՝ Մառլենի դերում:

Մեկնաբանել