Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության օնլայն հարթակները գործում են 4 լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներենով: Այս մասին տեղեկացնում է հեռուստաընկերությունը:
«Դա լայնածավալ եւ բարդ աշխատանք է, որն ունի շատ կարեւոր նշանակություն՝ հակազդելու եւ կանխելու Ադրբեջանի կողմից քարոզվող կեղծ հակահայկական տեղեկատվությունը հանրության շրջանում:
Հավելենք, որ Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն եւ թուրքերեն տարբերակների նախադեպեր արդեն իսկ կան: Հանրային հեռուստաընկերությունը եւս օրերս գործարկել է 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժինը:
Տեղեկատվական պատերազմի պայմաններում քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլեւ այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է եւ բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»,-ասված է Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ հանրության շրջանում միանշանակ չի ընդունվել Հանրային հեռուստաընկերության այս նախաձեռնությունը եւ երկու օր է սոցցանցերում բուռն քննարկումներ են ընթանում։