
Վայոց ձորի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Սեռական բռնության դրսեւորումներ, արձագանքման մեխանիզմեր» թեմայով հանդիպում-քննարկում էր կազմակերպել մարզպետարանում: Հանդիպումն անցկացնում էր կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը:
Կենտրոնի աշխատանքներն ուղղված են հասարակության շրջանում կանանց եւ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: Աջակցում են սեռական բռնության ենթարկված անձանց:
Հանդիպումը նախատեսված էր մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, իսկ հանդիպման նպատակը ոլորտում առկա խնդիրների վերհանումը, սեռական բռնության դրսեւորումների պարագայում շահառուներին առաջին արձագանքման մեխանիզմերի մասին իրազեկումը եւ գրագետ ուղղորդումն էր:

Մասնակիցների միջեւ եղավ քննարկում սեռական բռնության տեսակների, պատճառների, դրսեւորումների եւ հետեւանքների, հասարակությունում առկա կարծրատիպերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատեցին ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ հանուն առանց բռնության կյանքի։