Կառավարության որոշմամբ՝ Գյումրիի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլեւ ամբողջ Հայաստանի համար:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների եւ մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի եւ մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: