Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Դեպի անմահություն տանող ճանապարհը փշոտ է, բայց սխրանքներն են ապրեցնում սերունդներին ու...

«Դեպի անմահություն տանող ճանապարհը փշոտ է, բայց սխրանքներն են ապրեցնում սերունդներին ու ստիպում սիրել այս մի բուռ հայրենիքի ամե՛ն մի թիզ հողը». Լոռու մարզպետ

0

 

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Մեծավան համայնքի ղեկավար Արման Վարդանյանը, մի խումբ պաշտոնյաներ, մարզաշխարհի ու հոգեւոր դասի ներկայացուցիչներ ներկա գտնվեցին արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Սեւակ Սերոբյանի հիշատակին նվիրված ուժային եռամարտի առաջնությանը:
Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սեւակ Սերոբյանը հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած հերոսներից է, ով կամավոր մեկնեց առաջնագիծ՝ օրինակ դառնալով շատերի համար:
Միջոցառումը մեկնարկեց Սեւակի շիրիմին այցելությամբ: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին անմահ հերոսի հոգու հանգստության համար: Մեծավանի մշակույթի պալատում արդեն տրվեց միջոցառման մեկնարկը. մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո ներկաները չդադարող ծափերով վերահաստատեցին Սեւակի ու անմահացած մեր բոլո՛ր հերոսների հարատեւ ներկայությունը:
-Ուզում եմ գլուխ խոնարհել Սեւակի ծնողների, կնոջ, զավակների առջեւ, գլուխ խոնարհել մեր բոլո՛ր հերոս նահատակների առջեւ: Մենք հավերժ պարտք ենք ձեզ, եւ կարծում եմ՝ այդ պարտքը մարելու միայն մեկ տարբերակ կա՝ մեր ապրած կյանքով արժանի պիտի լինենք ձեր սխրանքին եւ այս սուրբ հողին,- նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ խոսելով նաեւ Սեւակի մարդկային ու մասնագիտական բարձր որակների մասին:
Մարզպետը պարգեւատրեց ՀՀ Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, գլխավոր մրցավար Արտյոմ Սոլոյանին եւ բարերար Սարմեն Աթանյանին, ծաղկեփնջեր եւ դրամական աջակցություն հանձնեց երկու զոհված հերոսների՝ Սեւակ Սերոբյանի եւ Արտակ Պետրոսյանի մայրերին:
Օրհնանքի խոսքով հանդես եկավ Տեր Ներսես Գալստյանը, որին հաջորդեց Գագիկ Սարոյանի ելույթը. այն կրկին նվիրված էր անմահ հերոսին: Գ. Սարոյանը նաեւ շնորհակալագրեր հանձնեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանին. դե իսկ Սեւակ Սերոբյանի հետմահու պարգեւատրումները ստանալու պատիվը որդունը՝ Լեւոնինն էր, ով հանդիսավոր խոստացավ՝ պատվո՛վ է շարունակելու հոր կիսատ թողած գործը:
Միջոցառման ընթացքում Սեւակի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով, հնչեցին նաեւ երաժշտական կատարումներ:

Մեկնաբանել