
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում Գյումրու սելեկցիոն կայանի հետ համատեղ Վահագնի համայնքի 32 տնտեսվարողների սեփական կամ վարձակալած հողատարածքներում(ընդհանուր առմամբ 6.4 հա-ում) կիրականացվի կարտոֆիլի ցանքս՝ կարտոֆիլի տնկանյութի շրջանառու ֆոնդերի ստեղծման նպատակով: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարպետարանը:
Սերմացուն տնտեսվարողներին կտրամադրվի անվճար, բերքի 10 տոկոսը տնտեսվարողները կպարտավորվեն հատկացնել համայնքին՝ բազմազավակ ընտանիքներին, թոշակառուներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրելու նպատակով, 90 տոկոսը կմնա տնտեսվարողների հայեցողության տակ:

Ծրագրում ընդգրկված տնտեսվարողների համար ծրագրի շրջանակներում նաեւ դասընթաց-խորհրդատվություն է կազմակերպվել. բացատրվել են մշակման մեխանիզմները, իրականացվելիք քայլերի հաջորդականութունը:
Սերմացուն տնտեսվարողներին տրամադրվել է այսօր, իսկ առաջիկայում՝ եղանակային պայմանները թույլ տալուն պես, կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: Հաջորդ տարի նախատեսվում է ցանքատարածությունն ավելացնել շուրջ 50 տոկոսով:
Նախորդ տարի նույն նախաձեռնության շրջանակներում դարձյալ կարտոֆիլի տնկանյութի շրջանառու ֆոնդերի ստեղծման նպատակով ծրագիր է իրականացվել նաեւ Տաշիր համայնքում: Աշնանացան ցորենի ցանքս է կատարվել համայնքային պատկանելության 45 հա տարածքում: Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ սերմացուի 10 տոկոսը հատկացվել է համայնքին, մնացածը վերադարձվել է: