Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների քրեական գործով դատախազները այսօր չեն ներկայացել դատական նիստին։ Գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ստացվել է դատախազ Գեւորգ Բաղդասարյանի գրությունը, որով խնդրել է հետաձգել դատական նիստը.
«2021 թվականի մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Նկատի ունենալով, որ առկա է տվյալ որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի Սահմանադրությանը համապատասխան խնդիր եւ այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչեւ դատական նիստը կազմել հնարավոր չէր՝ խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել եւ նշանակել 2021 թվականի ապրիլի 6-ին»,- նշված էր գրության մեջ:
Դանիբեկյանը հավելեց, որ դատական նիստին ներկա չէ նաեւ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը. «Դատարանը հայտարարում է ընդմիջում: Մինչ ընդմիջման ավարտը դատարանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի պարզի մյուս մեղադրողի ներկայանալու հնարավորությունը եւ բացակայության պատճառը»,- եզրափակեց դատավորը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մատի 26-ին հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: