Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ:
«Խորը վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին:
Արկադի Տեր-Թադեւոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել եւ իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ եւ վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին:
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը հայրենասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ եւ նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգեւել հայ ժողովրդին:
Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս:
Հավերժ փա՛ռք նրա հիշատակին»,- ասված է վարչապետի ցավակցական խոսքում: