
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։
․ «Երբ ասում ենք, մենք մեր պատմությունից դասեր չենք քաղել այս պարզ ճշմարտությանը վերաբերվում ենք շատ մակերեսորեն եւ ինչպես շատ այլ ճշմարտությունների այն վերածում ենք կենացի ու շարունակում ապրել ու գործել նույն սխալները:

Եվ երբ ստանում ենք հերթական ծանր ու դաժան հարվածը, նույն հերթականությամբ շարունակում ենք նույն քայլերը ու կրկնում նույն սխալները, մեղավորներին սկսում փնտրել ամենուր, բայց ոչ երբեք մեր մեջ:
Սկսում ենք նոր «փրկիչ» փնտրելու գործը , որը պիտի գա մեզ փրկելու…իշխանությունը «փրկիչ» չէ,եթե չկա իշխանության հստակ բանաձեւը, որի շուրջ պիտի լինի համազգային կոնսենսուս:
Այդ բանաձեւը շատ պարզ է, նույնիսկ պրիմիտիվ՝ իշխանությունը պետք է լինի ուժեղ եւ արդար, այս պարզ ձեւակերպումը իհարկե շատ խորը բովանդակային հենք ունի, որը երկար կարելի է քննարկել, բայց պարզ մարդկային ընակալումների համար կարծում եմ բավական է: Միայն ուժի վրա հիմնված իշխանությունը պարտվում է ներսում, միայն արդարության վրա հիմնված իշխանությունը՝ պարտվում արտաքին ճակատում:
Սա է իմ պատկերացրած հայկական իշխանության բանաձեւը»:
Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր եւ մանդատից հրաժարվել է 2020թ․ դեկտեմբերի 18-ին։ Այդ ժամանակ նա հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Հարգելի սյունեցիներ։ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով եւ Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն եւ այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը: Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին եւ ԱՊՐԵԼՈՒ․․․Սյունիքը եղել է, կա եւ լինելու է Հայաստանի ողնաշարը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։