Marzer.am-ի՝ «Սպորտը մարզերում» նախագծի հաջորդ զրուցակիցը սեղանի թենիսի Լոռու մարզի ֆեդերացիայի նախագահ, 2019 թ. Հայաստանի հավաքականի մարզիչ Էրիկ Կոստանյանն է: Նրա հետ զրուցել ենք մարզաձևի խնդիրների, մարզական հաջողությունների և ապագա ծրագրերի մասին:
-Ինչպիսի՞ արդյունքներ ունի սեղանի թենիս մարզաձևը Լոռու մարզում:
– Բավականին լավ արդյունքներ ենք արձանագրել մարզում: Ունենք դպրոցականների աշխարհի առաջնության հաղթող, ԱՊՀ առաջնության հաղթողներ: 2018 թ.-ից Լոռու մարզի ֆեդերացիայի նախագահն եմ, սակայն արդեն հինգ տարի է՝ զբաղվում եմ մարզչական գործունեությամբ: Ունեմ շնորհալի աշակերտներ: Հպարտությամբ պետք է նշեմ, որ այս պահին Հայաստանում սեղանի թենիսի լավագույն մարզիկները Լոռու մարզից են:
– Լավ արդյունքներ գրանցելու համար պատրաստված թիմ է անհրաժեշտ: Լոռու մարզում ունե՞ք մարզչական լավ թիմ:
– Ունենք պատրաստված և բանիմաց մարզիչներ: Վանաձորում գործող 2 մարզադպրոցներում և «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ Վանաձորի մասնաճյուղում գործում են սեղանի թենիսի խմբակներ: Ֆեդերացիայի միջոցներով թենիսի մարզադպրոց ենք բացել նաև Սպիտակ համայնքում:
-Ինչպիսի՞ն է մարզաձևի վիճակը Լոռիում, ի՞նչ խնդիրներ կան այսօր:
– Ֆեդերացիան հետևողական է լինում պարապմունքներին, մարզագույքի վիճակին: Հիմնական խնդիրներն այսօր լուծված են: Ընթացիկ խնդիրներից, օրինակ, դահլիճի խնդիր ունեինք, ֆեդերացիայի միջնորդությամբ հարցը կարգավորվեց: Եղած դահլիճների վիճակը բավականին բարվոք է: Սպիտակ համայնքի դահլիճը ևս նորմալ վիճակում է գտնվում:
-Թենիս մարզաձևը որքանո՞վ է արդիական և պահանջված նոր սենրդի համար:
-Երեխաների թիվը հետզհետե շատանում է և սա այն դեպքում, երբ չենք գովազդում մեր հաջողությունները: Մարզը մեծ է: Հատկապես գյուղական համայնքներում շնորհալի երեխաներ շատ կան, բայց, ցավոք, խմբակներ չունենք, իսկ քաղաք ոչ բոլոր երեխաները կարող են գալ մարզվելու համար: Համայնքներում թենիսի խմբակներ բացելու համար մարզագույք է անհրաժեշտ, ինչը մեծ գումարների հետ է կապված: Զրուցել ենք նաև մի շարք համայնքների ղեկավարների հետ: Պատճառաբանությունը մեկն է՝ համայնքային փոքրիկ բյուջեն հնարավորություն չի տալիս մարզագույք ձեռք բերել: Մինչդեռ խմբակների բացումը կլուծեր գյուղաբնակ երեխաների զբաղվածության խնդիրը, միևնույն ժամանանակ ի հայտ կգային տաղանդավոր երեխաներ: Ամեն դեպքում նպատակ ունենք մարզի այլ քաղաքներում և գյուղերում ևս խմբակներ բացել:
-Խոսենք առաջիկա ծրագրերի մասին:
-Ապրիլի 24-ից 26-ը ՀՀ պատանիների թիմային և անհատական առաջնությունն է: Սպասելիքներ ունենք, բայց ժամանակից առաջ չընկնենք: Գիտեք՝ սպորտում շատ կարևոր է նաև «մարզական բախտ» ասվածը: Միշտ մասնակցել ենք Եվրոպայի առաջնությանը, բայց այս տարի, կարծում եմ, որ COVOD-19-ի պատճառով չի անցկացվի: Համավարակը բավականին խանգարեց պարապմունքներին, բայց կարողացանք այնպես կազմակերպել աշխատանքը, որ աշակերտների մարզավիճակը հնարավորինս քիչ տուժի:
-Ի՞նչ կավելացնեք:
-Ուզում եմ, որ սպորտի հանդեպ ուշադրությունը մեծանա, շնորհալի երեխաները խրախուսվեն: Ցավոք, տաղանդավոր և արդյունքներ ունեցող երեխաները, հասնելով պատանության տարիքին, չեն շարունակում, քանի որ ապագա չեն տեսնում: Լավագույն դեպքում պետք է անցնեն մարզչական գործունեության, այլապես հաց վաստակելու խնդիրը բոլորին տանում է այլ ուղղություններով, և կորցնում ենք նրանց:
Հերմինե Զարմանյան, Marzer.am Լոռի