Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորում՝ մահվան ելքով վթարը՝ սպանության պատճառ․ մեկ անձ կալանավորվել է (վիդեո)

Վանաձորում՝ մահվան ելքով վթարը՝ սպանության պատճառ․ մեկ անձ կալանավորվել է (վիդեո)

0

Մարտի 23-ի առավոտյան հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներից մեկի դին։ 37-ամյա տղամարդուն սպանել էին իրենց շենքի բակում։

Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության փաստով հարուցվեց քրեական գործ։
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին։

Համալիր հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլեւ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սպանությունը կատարել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա մի բնակիչ։ Նա «Տոյոտա» մակնիշի իր մեքենայով գնացել էր 37-ամյա տղամարդու բակ, զանգել եւ նրան դուրս էր կանչել, ապա որսորդական հրացանից կրակել ու ապօրինաբար զրկել էր կյանքից։ Իսկ պատճառը վրեժն էր, ավելի ստույգ՝ նախորդ օրվա ավտովթարը…

Մարտի 22-ին Վանաձոր-Դիլիջան ճանապարհին 37-ամյա տղամարդը «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայով դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ ընկել հարակից ձորակը։ Վթարի հետեւանքով ուղեւորներից մեկը, որ կասկածյալի քրոջ որդին էր, մահացել էր, նա էլ որոշել էր վարորդից վրեժ լուծել:

Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 28-ին կասկածվողը ներկայացավ Լոռու մարզային քննչական վարչություն։ Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները Բազում գյուղի տներից մեկում հայտնաբերեցին թաքցրած հրազենը։
35-ամյա տղամարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Մեկնաբանել