Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ։ Իսկ նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվել էր Ճրագալույց եւ դրանով ավարտվել էր Մեծ Պահքի շրջանը:
Տոնական սուրբ պատարագից հետո եկեղեցու բակում կազմակերպվեց գեղեցիկ համերգային ծրագիր մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։ Մինչ համերգային ծրագիրը՝ Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի սաների կողմից երեխաների համար բեմադրվեց նաեւ Հ. Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը։
Այնուհետեւ մատուցվեց օրվա խորհրդին համահունչ հայկական ուտեստներ՝ լավաշ, ձուկ, կանաչի, ժենգյալով հաց, չրով եւ չամիչով փլավ, կարմիր ներկած ձու եւ գինի:
Կապանի համայնքապետարանը իր շնորհակալություն է հայտնում համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդին, «Արարատ» ռեստորանային համալիրին եւ Արմինե Ավետյան դիզայն ստուդիային՝ ամեն տարի Զատկի տոնին նվիրված կազմակերպչական բոլոր աշխատանքներին աջակցելու պատրաստակամության համար։