
Ալավերդի խոշորացված համայնքի Ալավերդի, Աքորի եւ Հաղպատ բնակավայրերում ապրող հղիներին այս տարի կտրամադրվի անվճար սնունդ: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Ալավերդու համայնքապետարանի ծրագրերի տնտեսական զարգացման պատասխանատու Կարինե Սիմոնյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ առողջության ամրապնդման նպատակով հղիներին տրվող աջակցությունը «Բնական միջավայրի պահպանման եւ բնակչության առողջության վերականգնման բնապահպանական» ծրագրով է, որից կօգտվեն ի՝ մոտ 200 հղի: Թիվը կանխատեսվել է՝ նախորդ տարվա վիճակագրությունը հաշվի առնելով:
Վերը նշված ծրագրով Ալավերդի համայնքի բնակիչներին նաեւ առողջարանների ուղեգրեր են տրամադրվում, նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաներին լրացուցիչ սնունդ է հատկացվում, նորածիններին հիգիենայի պարագաներ են տրամադրվում եւ այլն:
Կարինե Սիմոնյանը հավելեց, որ ծրագրի շրջանակներում տրամադրվող գումարները գոյացել են Ալավերդի համայնքում նախկինում գործունեության ծավալած «Էյ-Սի-Փի» պղնձաձուլական գործարանի կողմից վճարված բնապահպանական գումարներից:
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվեց 2018 թվականին: Փակման պատճառը բնապահպանական նորմերի խախտումների, արտանետումների սահմանային նորմերը գերազանցելու եւ շրջակա միջավայրին պատճառված վնասի համար գործարանի վրա դրված տուգանքն էր: Ալավերդիում իրականացված մթնոլորտային օդի մոնիթորինգի արդյունքում տեսչական մարմնի կողմից արձանագրվել էր, որ ծծմբային գազի պարունակությունը քաղաքի օդում մի քանի անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի քանակը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: