
Մարզային բժշկական կենտրոնների տնօրեններն առողջապահության նախարարությունում հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպման առիթը COVID-19-ն է, պատվաստանյութերն ու պատվաստման բուն գործընթացը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Ավանեսյանը մարզային բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ խոսել է կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակի մասին:

Հանդիպմանը մասնագետները քննարկել են պատվաստանյութերի վերաբերյալ առկա հարցերը, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաեւ քննարկել հնարավոր լուծման ուղիները:
ԱՆ-ն նշում է, որ քննարկման ընթացքում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը պատվաստանյութերի վերաբերյալ զեկույցի շրջանակներում ներկայացրել է առաջիկա անելիքները:
Հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մրցավազք է՝ մասնագետները կարեւորել են մի քանի պատվաստանյութերի առկայության ապահովումը, միանշանակ, զգուշորեն մոտենալով պատվաստանյութերի ընտրությանը՝ վարելով ճկուն եւ հավասարակշռված ռազմավարություն:
«Այսօր առաջնային խնդիր է պատվաստման գործընթացը հնարավորինս արագ սկսելու, քանի որ բախվել ենք երրորդ ալիքին: Ուստի բուժհիմնարկները՝ որպես շփման առաջնային օղակ, պետք է հանրությանն իրազեկեն պատվաստանյութերի հետ կապված ամբողջական եւ հավաստի տեղեկատվությունը: Սա է ճանապարհը բնականոն կյանքին վերադառնալու՝ թոթափելով առողջապահական համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունը: Հարկ է նշել, որ պետք է դրսեւորել հավասարակշռված մոտեցում՝ չգերագնահատելով եւ չթերագնահատելով ռիսկերը, հիմնվել գիտական մոտեցումների վրա եւ մեր քաղաքականությունը հենց դրա վրա կառուցել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: