
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը եւ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այսօր այցելել են Սյունիքի մարզ: Շիկահող բնակավայրում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ: Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ եւ Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել:
Հենակետի աշխատանքների կազմակերպման համար տրամադրվել է հրշեջ մեքենա, որը ԱԻՆ-ի հաշվեկշռից նվիրատվության միջոցով փոխանցվել է Կապան համայնքի հաշվեկշռին:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, կարեւորելով նման հենակետերի ստեղծումը, ընդգծել է, որ այս տարբերակով հնարավոր է լինում արագ արձագանքման միջոցով տարածքի նախնական հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպել կամավորական ուժերով՝ մինչեւ մարզային փրկարարական վարչության ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարների ժամանումը: ԱԻ նախարարը եւ ՓԾ տնօրենը միջոցառման ավարտին մասնակցել են Շիկահողում կազմակերպված ծառատունկին:
Նշենք, որ սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերում արտակարգ իրավիճակներին արագ եւ արդյունավետ արձագանքելու նպատակով 3 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր են ստեղծվել Սյունիքի մարզի Գորայք, Վայոց ձորի մարզի Խաչիկ եւ Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրերում: Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզի Երվանդաշատ, Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Տավուշի մարզի Այրում, Վայոց ձորի մարզի Արենի եւ Զառիթափ համայնքներին նվիրաբերվել են մեկական հրշեջ ավտոբաքեր: Ներկայումս Ավստրիական եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունների հետ համատեղ աշխատանքներ են տարվում՝ Կոտայքի մարզի Գառնի եւ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու ուղղությամբ: