Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի հետ:
Վայոց Ձորի մարզպետարանից Marzer.am-ին հայտնում են, որ կողմերը, ի շարունակություն Վայոց ձորում ս.թ. մարտի 17-ին կայացած հանդիպման, մտքեր փոխանակեցին կրթության բնագավառի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Ներկայիս փուլում այդ համագործակցությունը ընդգրկում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Մալիշկա համայնքները:
Կողմերը այցելեցին Վայոց ձորի մարզային գրադարան, որտեղ երկկողմ ակտիվ և հետևողական ջանքերի շնորհիվ շուտով մեկնարկելու են ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ: Ռուսաց լեզվի զրոյական կամ տարրական իմացությամբ երեխաների համար նախատեսված պարապմունքները ուսուցման գործընթացը կդարձնեն առավել հետաքրքիր և արդյունավետ՝ հնարավորություն ընձեռնելով երեխաներին զարգացնել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի վերաբերյալ իրենց գիտելիքները:
Բարձր գնահատելով մարզում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաների կրթության զարգացման գործընթացը խթանելու նպատակով, «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց մարզային գրադարանի մանկական բաժնին նվիրել ռուսաց լեզվով անհրաժեշտ գեղարվեստական գրականություն:
Վայք համայնքի քաղաքային գրադարանի նոր և լուսավոր դասասենյակում հյուրերին դիմավորեցին ինչպես ծրագրի նոր մասնակիցները, այնպես էլ նախկին փուլի սաները: Այստեղ ապրիլի 1-ից սկսվել է ռուսաց լեզվի անվճար դասընթացների երկամսյա երկրորդ ծրագիրը: Բաց դասի ավարտին «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ միասին, ավարտական վկայականներ շնորհեցին առաջին ծրագրի շրջանավարտներին:
Շնորհավորելով բոլորին դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ՝ Վահրամ Կարապետյանը հորդորեց երեխաներին կանգ չառնել ձեռք բերված հաջողությունների վրա և ձգտել էլ ավելի կատարելագործել իրենց գիտելիքները:
Այցելության վերջին ուղղությունը Մալիշկա համայնքն էր, ուր կողմերը տեղում դիտարկեցին ռուսաց լեզվի անվճար դասընթացներ սկսելու հնարավորությունները և հեռանկարները:
Ամփոփելով հանդիպումը, կողմերն ընդգծեցին, որ ներկայիս մարտահրավերները, առավել քան երբևէ, հրամայական են դարձնում կրթված և բանիմաց երիտասարդություն դաստիարակելու անհրաժեշտությունը, ինչով և պայմանավորված է նրանց՝ ավելի ընդլայնված փոխգործակցություն ձևավորելու մղումը:
Արձանագրելով, որ այս բնագավում «Մոսկվայի տուն» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև առկա է զգալի ներուժ, պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության առավել խորացման և ամրապնդման ուղղությամբ: