Հեռահաղորդակցության օպերատորների հետ համայնքների նախկին և ներկա ղեկավարների իրականացրած անօրինական գործարքի բացահայտումից մոտ մեկ տարի անց համայնքային բյուջեներին պատճառված վնասը չի վերականգնվել: Այս մասին հայտնում է hetq.am-ը:Քրեական գործեր հարուցելու արդյունքում իրավապահները որոշակի գումար գանձել են որպես համայնքներին պատճառված վնասի վերականգնում, սակայն դրանք դեռևս համայնքային բյուջե չեն փոխանցվել: Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ գումարը կոմիտեի դեպոզիտ հաշվին կմնա մինչև դատաքննության ավարտը, երբ այլևս վիճելի հարցեր չեն լինի։ Բազմաթիվ համայնքներում բջջային ալեհավաքներ տեղադրելու հետ կապված կոռուպցիոն գործարքները բացահայտելուց մեկ տարի հետո էլ կապի օպերատորները շարունակում են վճարում կատարել այն անձանց, որոնց մեղադրանք է առաջադրվել անօրինական գործարքների համար:
2020թ. ապրիլի վերջին Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություններ տարածեց համայնքներում բացահայտված մի կոռուպցիոն երևույթի մասին, որը գործել է երկար տարիներ և մեծ վնաս է պատճառել համայնքային բյուջեներին: Սխեման հետևյալն է. համայնքի ղեկավարը, տեղեկանալով, որ հեռահաղորդակցություն ապահովող ընկերությունը նպատակ ունի համայնքում տեղադրել կապի ալեհավաք-կայան և ցանկանում է հողատարածք վարձակալել, ընկերության ընտրած տարածքը, որը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամաս է, սիմվոլիկ գումարով վարձակալության է հանձնել իր ընտանիքի անդամին կամ մերձավորին, նա էլ մեծ գումարով ենթավարձակալության է հանձնել բջջային կապ ապահովող ընկերությանը:
Համայնքից հողամասը վարձակալելու և ենթավարձակալության հանձնելու գումարների հարաբերակցությունն այսպիսին է. հողը համայնքից վարձակալել են 25 տարով, տարեկան 1200-3500 դրամով, ենթավարձակալության են հանձնել ամսական 50 000-70 000 դրամով:
Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ կոռուպցիոն այդ շղթան տարածված է հանրապետությունում, մարզերում 51 քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության վերջերս թարմացրած տվյալներով՝ համայնքներին պատճառված ընդհանուր վնասը հաշվարկվել է ավելի քան 300 մլն դրամ, որից 2020թ. մայիսի 12-ի դրությամբ վերականգնվել էր 75 751 075 դրամը: Քրեական գործեր հարուցվեցին Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերի համայնքների նախկին և ներկա ղեկավարների դեմ: Հիշյալ անօրինական գործարքներն իրականացնողներից առաջատարները Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներն են:
«Հետք»-ը փետրվար ամսին համայնքներին ուղղված գրություններով ցանկանում էր պարզել, թե այդ կոռուպցիոն երևույթի բացահայտումից հետո, անցնող մեկ տարվա ընթացքում համայնքներին պատճառված վնասը որքանո՞վ է վերականգնվել, քանիսն են լուծարել վարձակալների և բջջային օպերատորների հետ կնքված պայմանագրերը, փոխվե՞լ է ալեհավաքներին հատկացված հողի նշանակությունը և այլ հարցեր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: