Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Երկարամյա աշխատանքի համար խրախուսվեցին 13 մանկավարժներ․ Գեղարքունիք (ֆոտո)

Երկարամյա աշխատանքի համար խրախուսվեցին 13 մանկավարժներ․ Գեղարքունիք (ֆոտո)

0

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացրած տարբեր մասնագիտություն ունեցող 13 մանկավարժների, ովքեր, լավագույն, երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար 2020 եւ 2021 թվականներին խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով:
Մարզպետը ողջունեց նրանց, շնորհավորեց նաեւ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
«Ընդունեք իմ երախտագիտությունը՝ ձեր անձնվեր աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս շնորհակալագրերն ավելի կպարտավորեցնեն ձեզ՝ խելացի ու բանիմաց սերունդներ կրթելու ու դաստիարակելու հարցում: Ձեր նման էլի շատ մանկավարժներ իրենց ազնիվ աշխատանքով արժանի են գովեստի ու խրախուսանքի: Անգնահատելի է ուսուցչի աշխատանքը, այն մեծ դեր ունի նաեւ հասարակության զարգացման գործում: Մեծ է նաեւ ձեր դերը հետպատերազմյան ժամանակահատվածում ծագած խնդիրների կարգավորման, մեր հայրենիքի շենացման ու հզորացման գործում: Դուք պետք է նորովի նայեք ձեր աշխատանքին, նոր ջանք ու եռանդ ներդնեք, լինենք ավելի ակտիվ ու նախաձեռնող»,- նշեց Գնել Սանոսյանը:
Այնուհետեւ Գեղարքունիքի մարզպետը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 29-ի համապատասխան հրամանով նախատեսված շնորհակալագրերը հանձնեց Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Արշալույս Ամիրխանյանին, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արեւիկ Սիմոնյանին, Սարուխանի Մ. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության ուսուցչուհի Ռուզաննա Աբրահամյանին, Փամբակ-Դարանակ միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Ղազարյանին, Արծվանիստի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լյուդմիլա Եղիազարյանին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նոյեմզար Արզումանյանին, Ծակքարի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվարդ Հովհաննիսյանին, Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Անահիտ Մկրտչյանին, Սեւանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կենսաբանության եւ բնագիտության ուսուցչուհի Ռուզաննա Ղուկասյանին եւ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի հայոց պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Կարինե Գաբրիելյանին:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով միաժամանակ խրախուսեց 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրին արժանացած մանկավարժներ, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ Հասմիկ Ումրշատյանին, Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Նելի Դռնոյանին եւ Շողակաթի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Սյուզաննա Հովսեփյանին:
Խրախուսանքի արժանացած մանկավարժներն իրենց երախտագիտությունն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, իրենց հերթին նշելով, որ այդ պարգեւներն աշխատանքում ավելի պարտավորեցնող են:

Մեկնաբանել