Գլխավոր Հասարակություն Կառուցել ավելի արդար եւ ավելի առողջ աշխարհ բոլորի համար․ապրիլի 7-ը՝ Առողջության համաշխարհային...

Կառուցել ավելի արդար եւ ավելի առողջ աշխարհ բոլորի համար․ապրիլի 7-ը՝ Առողջության համաշխարհային օր

0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի եւ նշվում է տարբեր կարգախոսներով եւ նշանաբաններով:

Ինչպես  հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար եւ ավելի առողջ աշխարհ բոլորի համար»: Այս կարգախոսով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել առողջության անհավասարությունները վերացնելու ուղղությամբ՝ մեկ տարի տեւող համաշխարհային արշավի շրջանակներում միավորելով  մարդկանց ջանքերը՝ ավելի արդար, ավելի առողջ աշխարհ կառուցելու համար: Քարոզարշավը կարեւորում է ԱՀԿ-ի սահմանադրական սկզբունքը, ըստ որի. «Առողջության բարձրագույն ստանդարտի  հասնելը  յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է՝ առանց ռասայի, կրոնի, քաղաքական համոզմունքի, տնտեսական կամ սոցիալական վիճակի տարբերակման»:

Աշխարհում դեռեւս առողջության պահպանման առումով անհավասարություն է տիրում, ինչը ոչ միայն անարդար է, այլեւ սպառնում է մինչ օրս գրանցված առաջընթացներին եւ գնալով կարող է խորացնել սոցիալական անարդարությունը: Այնուամենայնիվ, առողջապահական անհավասարությունները կարող են կանխարգելվել այնպիսի ռազմավարությունների միջոցով, որոնք ուղղված են սոցիալական արդարության ապահովմանը` հատկապես առավել խոցելի եւ մարգինալացված խմբերի համար:

COVID-19-ն ուժեղ հարված է բոլոր երկրների համար, բայց դրա ազդեցությունն ամենադաժանն է այն համայնքների համար, որոնք արդեն խոցելի են, ավելի շատ են ենթարկվում հիվանդությունների, ավելի քիչ է որակյալ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունը եւ ավելի մեծ է համաճարակի զսպմանն ուղղված միջոցառումների հետեւանքով առաջացած անբարենպաստ արդյունքի հետ բախման հավանականությունը: Ահա թե ինչու ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի ղեկավարներին` որոշումների կայացման գործընթացում ապահովել համայնքների ներգրավվածությունը, մշտադիտարկել առողջապահության ոլորտում անհավասարությունները եւ ապահովել, որ բոլոր մարդիկ ունենան մատչելի որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ համաձայն իրենց համայնքների ներսում ունեցած կարիքների եւ արժեքների:

Մեկնաբանել