
Լոռու մարզպետ Արամ Խաչտրյանի շնորհավորական ուղերձը
«Սիրելի՛ կանայք,մայրեր եւ քույրեր
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ:
Ապրիլի 7-ն ընտանեկան արժեքները կարեւորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։ Կասկածից վեր է, որ հայ կինը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը եւ հենքը։ Իզուր չէ ասված, որ ազգի ապագան մոր ձեռքերում է, քանզի միայն մոր օրհնանքի ու դաստիարակության շնորհիվ է իրականացվում յուրաքանչյուր մեծ գործ։

Ձեր բացառիկ կենսատու դերն ու տեղը ամենուրեք մեր ուղեկիցն են: Մայրերի օրհնանքն անպակաս է մեր բոլոր բարի ձեռնարկումներում, պահապան է սահմանները պաշտպանող մեր զավակներին, ուղեկից է խոչընդոտներ հաղթահարելիս, պաշտպան է՝ չարին ու վատին ընդդեմ:
Ժամանակի ընթացքում կնոջ դերն է՛լ ավելի է մեծանում ոչ միայն տղամարդկանց ոգեշնչելու, այլեւ հանրային կյանքում նոր գաղափարներ ու նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում։
Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն եւ բարություն:
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ»: