Գլխավոր Հասարակություն Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը (լրացված, վիդեո)

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը (լրացված, վիդեո)

0

Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։

Ավելի վաղ Մանե Գեւորգյանն ասել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

ժամը 17.15

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դառնում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կարեւորագույն գործոն: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Ես հույս ունեմ ձեզ հետ քննարկել մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանում եւ ընդհանրապես մեր տարածաշրջանում անվտանգության համակարգի ճարտարապետությունը:

Մենք այսօր կքննարկենք միացյալ զորքերի ռուս-հայկական խմբավորման գործունեության որոշ նրբերանգներ: Մենք ունենք նաեւ տարածաշրջանային միավորված ՀՕՊ համակարգ: Կան նաեւ որոշ նրբերանգներ, որոնք ես հստակեցնելու հույս ունեմ:

Եվս մեկ անգամ ուզում եմ նշել ձեր անձնական ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո (Ղարաբաղի վերաբերյալ – խմբ.): Բայց այս համատեքստում կա մի շատ կարեւոր հարց, որը դեռ կարգավորված չէ՝ դա ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց հարցն է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ բոլոր ռազմագերիները, պատանդները եւ մյուս պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք: Բայց, ցավոք, մենք Ադրբեջանում դեռ ունենք պահվող անձինք: Ես շատ ուրախ եմ, որ մենք տարաձայնություններ չունենք այս հարցի լուծման հարցում: Շատ կարեւոր է քննարկել ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ մեր տեսակետները, քանի որ խնդիրը լուծված չէ, եւ մենք պետք է քննարկենք այն:

Ես կցանկանայի քննարկել նաեւ տնտեսական համագործակցությունը, մասնավորապես` ռազմավարական ներդրումները: Այս համատեքստում, այսօր ցանկանում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է նա:

Փաշինյանը նաեւ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակի ձեռբերման հույս է հայտնել, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը:

 

Մեկնաբանել