Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Շիրակում կորոնավիրուսային պատկերը լարված է. մահացել է անվանի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

Շիրակում կորոնավիրուսային պատկերը լարված է. մահացել է անվանի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

0

Կորոնավիրուսային հիվանդությունից այսօր մահացել է Գյումրու ծննդատան բժիշկ, գյումրեցի անվանի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։

Նա երկար տարիներ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների զարգացման ու կայացման գործում։

Ֆելիքս Գրիգորյանն ավելի քան 45 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 36 հազարից ավելի ծնունդ է ընդունել։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսային պատկերը բավական լարված է: Մեծ է նաեւ հոսպիտալացված եւ հոսպիտալացման ենթակա հիվանդների թիվը: Այս մասին այսօր ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ մարզխորհրդի նիստի ժամանակ:

Ներկա պահին Գյումրու երկու բուժհաստատություններում 135 հիվանդ է բուժվում, 54-ը «Գյումրի» ԲԿ-ում, 81-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: 135 հիվանդից 105-ը Շիրակի մարզի բնակիչներ են: «Գյումրի» ԲԿ-ի տրիաժում 6 հիվանդ կա:

366 մարդ ամբուլատոր հսկողության տակ է: Շիրակի մարզպետը համայնքների ղեկավարներին հանձնարարեց լինել աչալուրջ, մշտական կապ պահել բնակիչների, բուժհաստատությունների եւ պոլիկլինիկաների հետ: Իրենց տարածքներում պարբերաբար իրազեկման աշխատանքներ իրականացնել, ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզների, դպրոցների անվտանգության միջոցառումները:

Մեկնաբանել