Գլխավոր Հասարակություն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ...

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել

0

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) այս ձմռանն աննախադեպ արդյունք է գրանցվել։ Կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեքը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել իրենց վայրի արջերին բնորոշ բնազդները։

Ձմեռման բնական գործընթացը կենդանիների բարեկեցության ապահովման մասին խոսող ամենաարդյունավետ ցուցանիշներից մեկն է։ Ընդգծենք, որ փրկված արջերից որեւէ մեկն անազատության մեջ ապրելու տարիներին երբեւիցե երկարատեւ քուն չի մտել, ինչը կրկնվելով՝ ամեն տարի կենդանիների մոտ առաջացրել է հոգեֆիզիոլոգիական խանգարումներ: Ձմեռային քունը որջում, որին արջերը սկսում են նախապատրաստվել արդեն ուշ աշնանը, օգնում է բրդոտներին գոյատեւել ցուրտ ամիսներին ու վերականգնել բնազդները: Մասնագետները լիահույս են, որ 2021թ.-ի ձմռանը երկարատեւ քուն կմտնեն բոլոր արջերը:

Ներկայումս բոլոր արջերը դուրս են եկել իրենց որջերից ու գտնվում են Կենտրոնի մասնագետների խիստ վերահսկողության ներքո, իսկ կենդանիների սննդակարգն ու զբաղվածությունը կազմվել է՝ հնարավորինս մոտեցնելով բնական պայմաններին: Այժմ նրանք սնվում են մեծ քանակությամբ կանաչեղենով, ստանում են պրոտեինի հստակ չափաքանակ եւ ամբողջ օրը զբաղված են սննդի փնտրտուքով, այնպես ինչպես վայրի բնության մեջ։

 

 

Մեկնաբանել