Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը՝ հինգշաբթի, ապրիլի 8-ին, ընդունել է Եվրոպայի չեմպիոններ, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում օրերս կայացած Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ, Օլիմպիական ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Վազգեն Թեւանյանին եւ Արսեն Հարությունյանին, ինչպես նաեւ նրանց մարզիչներին՝ Ռաֆիկ Գոլեցյանին եւ Արթուր Մարտոյանին:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Արարատի մարզպետի տեղակալ Նորիկ Ամիրխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը եւ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը:
Մարզպետ Թեւոնյանը նախ շնորհավորել է մարզիկներին՝ Բուդապեշտում տարած փայլուն հաղթանակի առիթով, ապա նաեւ շնորհակալություն հայտնել նրանց՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի դրոշը մեկ անգամ եւս բարձրացնելու եւ մեր երկրի մարզական պատիվը բարձր պահելու համար:
«Շատ ուրախ եմ թե՛ ձեզ, թե՛ մեզ համար, որովհետեւ դուք մեր երկրի ու մեր մարզի հպարտություններից եք. ձեր եւ մյուս բոլոր մարզաձեւերի մեր մարզիկների հաղթանակները մեզ հիմա շատ են պետք, շատ կարեւոր են դրանք մեր երկրի համար, քանզի այդ հաղթանակներով աշխարհում Հայաստան պետության պատիվն եք բարձր պահում: Շնորհակալ ենք եւ մաղթում ենք առավել մեծ հաջողություններ: Շնորհակալություն նաեւ Ձեզ՝ հարգելի մարզիչներ, ձեր ներդրումն այս ամենում եւս շատ կարեւոր է»,-ընդգծեց մարզի ղեկավարը:
Մարզիկներն ու մարզիչները մարզպետի կողմից արժանացան նաեւ պատվոգրերի ու դրամական խրախուսումների:
Մարզպետարանի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին շնորհավորեցին մեր մարզիկներին եւ հույս հայտնեցին, որ նրանք հաղթանակով կվերադառնան նաեւ 2021թ-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից: