Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ին ստորագրած որոշմամբ Դավիթ Սարգսյանը նշանակվել է Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար:Marzer.am-ի հետ ունեցած իր առաջին եւ դեռեւս միակ հարցազրույցում Դավիթ Սարգսյանն անդրադարձել է իրեն ուղղված քննադատություններին, համայնքի զարգացման իր տեսլականին ու թե որ դեպքում կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու:
-Պարոն Սարգսյան, ավելի քան 1 ամիս է` նշանակված եք Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար: Ինչպե՞ս ընդունեցիք առաջարկը:
-Ճիշտ է, շատ դժվար է եղել որոշումը կայացնել, քանի որ պատկերացնում էի պատասխանատվության չափը, բայց միեւնույն ժամանակ իմ տեսակն այնպիսին է, որ դժվարություններից պետք չէ վախենալ եւ պետք է շեշտը դնել համայնքը զարգացնելու վրա: Մնացածը մեր աշխատանքով ցույց կտանք:
-Պարոն Սարգսյան, Դիիլիջան խոշորացված համայնքում բազմաթիվ խնդիրներ կան: Թե՛ որպես համայնքի նախկին ավագանի ու թե՛ որպես քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար, ո՞ր խնդիիրներն են օրակարգային Ձեզ համար:
-Մենք առկա խնդիրները բաժանել ենք 2 խմբի` հրատապ լուծում պահանջող եւ ընթացիկ խնդիրներ: Բնակավայրերում հիմնականում խմելու ջրի խնդիրն է, օրինակ Գոշ, Հովք եւ Աղավնավանք բնակավայրերում: Դիլիջան համայնքում ինձ համար կարեւոր խնդիր է քաղաքի սանիտարական մաքրումն ու գեղեցիկ կանաչապատումը, ձեւավորումը: Քաղաքի համար լուրջ է խնդիր է նաեւ թափառող կենդանիների հարցը: Չկա մի օր, որ բնակիչներից ահազանգեր չստանանք, բայց դեռեւս այս ուղղությամբ որեւէ լուծում, որեւէ առաջարկ չունենք:
-Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, բայց այս առումով էլ շատ հաճախ դժգոհություններ կան կապված ժամանցային վայրերի բացակայության հետ: Ո՞րն է զարգացման Ձեր տեսլականը:
-Մենք ունենք հստակ ծրագիր, որ զբոսաշրջությունը պետք է զարգացնենք ոչ միայն Դիլիջանում, այլ նաեւ մյուս բնակավայրերում՝ ներկայացնելով տվյալ համայնքի կոլորիտը: Հաջորդ խնդիրներից մեկն էլ ժամանցն է, որ Դիլիջան եկած զբոսաշրջիկը չփակվի հյուրանոցում, այլ կարողանա հագեցնել իր օրը: Քաղաքում շուտով տուրիստական ավտոբուսների համար հատուկ կայանատեղի կհատկացնենք, փորձելու ենք իրազեկման աշխատանքներն ակտիվացնել: Բայց այստեղ մեկ խնդիր ունենք` չունենք ավագանի, հետեւաբար շատ փոփոխություններ անել չենք կարող: Այսօր աշխատում ենք մեր ունեցածով բավարարվել:
-Համայնքապետարանում կրճատումներ եղե՞լ են, կամ սպասվու՞մ են:
-Աշխատակազմում փոփոխություններ եղել են հայեցողական պաշտոններում, ինչը բնական է: Քաղաքաշինության բաժնի պետն է միայն փոխվել, ում փոխարինել է տվյալ բաժնի աշխատակիցը, ոչ թե դրսից ենք բերել: Ընդհանուր առմամբ, փոխքաղաքապետն է փոխվել, խորհրդականներ, օգնական եւ մամուլի խոսնակ, նաեւ Թեղուտ համայնքի վարչական ղեկավարն է փոխվել` կապված տարիքային սահմանափակման հետ: Մեր նշանակումն արվել է համայնքի բնակչության հետ արված քննարկումների արդյունքում: Ես երբեք չեմ նշանակի մի մարդու, ով չի ընդունվի տվյալ համայնքի բնակչության կողմից:
-Համայնքի բազմաթիվ խնդիրներին զուգահեռ շատ հաճախ դրանց լուծման համար համայնքային բյուջեն չի բավարարում: Դիլիջանն էլ բացառություն չէ: Որո՞նք են Ձեր քայլերն այդ ուղղությամբ:
-Մեր բյուջեն հաստատված է, ավագանի չունենալու պատճառով բյուջեում փոփոխություններ անել չենք կարող: Շատ հարցերի հետ կապված դիմում ենք մեր ընկերներին, Տավուշից ընտրված ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, ով ամեն կերպ աջակցում է մեզ, նաեւ բարերարների միջոցով ենք փորձում խնդիրներին լուծում տալ: Անգամ Իջեւանից են գալիս մեզ օգնության: Մեր աշխատանքը թիմային է, նպատակը` քաղաքը բարեկարգ դարձնելն է, իսկ այդ նպատակն իրականացնելու մեջ բոլորն են ցանկանում մասնակից դառնալ:
-Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կմասնակցե՞ք, թե՝ դեռ չեք որոշել:
-Թող այդ օրը գա, հասկանանք… Եթե հասկանամ, որ բնակչության կողմից կլինեմ ընդունված, իսկ ղեկավարության կողմից գնահատված, այդ ժամանակ կորոշեմ, դեռ կոնկրետ որոշում չունեմ: Ինձ այսօր վստահված աշխատանքն անում եմ սիրով ու պատասխանատվությամբ:
-Պարոն Սարգսյան, վերջին հարցը: Նշանակման հաջորդ օրը մամուլը հեղեղվեց Ձեր անձի հետ կապված բազմաթիվ քննադատություններով ու որակումներով: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին:
-Քննդատություններն ինձ ավելի շատ զգոնացնում են, ավելի են ուժեղացնում, իսկ այլ տիպի քննադատությունների պատասխանը իմ աշխատանքը կլինի:
Լուսանկարը՝ Marzer.am-ի