Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում հաստատել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման եւ համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թթ. պլան-ժամանակացույցը:
Ծրագրի ընդունման նպատակը տարեց մարդկանց համար բարենպաստ եւ առողջ միջավայրի ստեղծումն է, նրանց իրավունքների պաշտպանության, արժանավայել, առողջ եւ ակտիվ երկարակեցության ապահովումն ու խնամքի ծառայությունների բարելավումը: Նախատեսվում է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար եւ անցնցում անցում համայնքային ծառայությունների մատուցմանը՝ շեշտադրելով համայնքի եւ ընտանիքի դերը տարեցի կյանքում, ինչպես նաեւ տարեցի մասնակցությունը համայնքային կյանքում եւ որոշումների կայացմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի գործող ծառայությունների որակը, հանրապետության 10 մարզում կստեղծվեն ցերեկային կենտրոններ, յուրաքանչյուրն առնվազն 50 այցելուի հաշվարկով: Բացի այդ, կստեղծվի անկանխատեսելի ու ճգնաժամային իրավիճակներում տարեց անձանց աջակցելու նպատակով հանրապետությունում ճգնաժամային երեք կենտրոն՝ 60 տարեցի համար։
Հանրապետության բոլոր մարզերում կներդրվի տնային խնամքի ծառայությունը: