Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Սպիտակի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատուներ այցելեցին համայնքի զոհված զինծառայողների ընտանիքներին (ֆոտո)

Սպիտակի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատուներ այցելեցին համայնքի զոհված զինծառայողների ընտանիքներին (ֆոտո)

0

Ապրիլի 7-ին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը եւ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման եւ տրանսպորտի բաժնի պետի տեղակալ Լուսինե Համբարյանն այցելեցին համայնքի զոհված զինծառայողների ընտանիքներին:

Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը երախտիքի խոսքեր հղեց, տոկոնություն ու համբերություն մաղթեց եւ խորհրդանշական նվերներ հանձնեց մեր անմահացած հերոսներ՝ Գագիկ Խաչատրյանի մորը՝ Սամար Պողոսյանին, Արտյոմ Թումանյանի մորը՝ Էմիլյա Չաբուխյանին, Արծրուն Առաքելյանի մորը՝ Մարինե Մխոյանին, Ռաֆիկ Այվազյանի մորը՝ Վարդուհի Արղամանյանին, Ազատ Այվազյանի մորը՝ Վարդուհի Այվազյանին, Հմայակ Հայրապետյանի մորը՝ Մանյակ Պողոսյանին, Մկրտիչ Այվազյանի մորը՝ Գայանե Խաչիկյանին, Վլադիմիր Մարգարյանի մորը՝ Զարուհի Գաբրիելյանին, Գեւորգ Թանգաբեկյանի մորը՝ Լեյլի Սահակյանին, Ավետիս Վարդանյանի մորը՝ Լյուդմիլա Սանդրոյանին, Տիգրան Յարմալոյանի մորը՝ Անուշ Սահակյանին, Գաբրիել Ավետիսյանի մորը՝ Նելլի Թումանյանին, Վահան Սողոմոնյանի մորը՝ Գայանե Յարմալոյանին, Գոռ Աջամյանի կնոջը՝ Սոնա Բաղրամյանին (ցավոք՝ Վոլոդյա Ջուլհակյանի եւ Գեւորգ Գասպարյանի ընտանիքներին այցելությունը հետաձգվեց՝ նրանց՝ քաղաքից բացակայելու պատճառով):

Այցելության ընթացքում բոլոր ընտանիքներում հուզիչ եւ ջերմ զրույց ծավալվեց: Հատկանշական էր այն, որ անմահացած տղաների ծնողներն ու հարազատները հպարտության մեծ զգացումով էին պատմում իրենց զավակների կատարած սխրանքների մասին, քանզի նրանց որդիները պատվով են կատարել հայրենիքի նկատմամբ պարտքը, քաջաբար կռվել եւ արիաբար զոհվել են՝ հանուն հայրենիքի փրկության: Սակայն ծնողների խոսքում կար նաեւ ափսոսանք եւ հույս, որ սրանով կռիվը դեռ չի ավարտվել, որ գալիք հայ սերունդը պայքարելու է պատմական արդարությունը վերականգնելու համար:

Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ՝ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հանդիպեց եւ նվերներ հանձնեց նաեւ 2020թ. Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին կամավորագրված սպիտակցի կանանց՝ Աննա Ալթունյանին, Աղավնի Սարգսյանին եւ Թեհմինե Ղազարյանին: Հանդիպման ընթացքում առիթ եղավ վերհիշելու մարտական դիրքերում անցկացրած օրերն ու կանանց հետ միասին հաղթահարած դժվարությունները, ինչն էլ ապացուցում է, թե ինչքան ուժեղ, տոկուն ու խիզախ կարող է լինել հայ կինը` համեստության եւ նրբության հետ միաժամանակ:

Խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի եւ բոլոր առյուծածին մայրերի առաջ:

Մեկնաբանել